Ուկրաինայի քաղաքական և հասարակական գործիչների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան կայցելի նոյեմբերի 15-16-ին, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
Համաձայն պարբերականի տեղեկատվության՝ ավելի քան 70 հյուրերի թվում կլինեն Ուկրաինայի մարզերի հայկական համայնքների ղեկավարները, ազդեցիկ քաղաքական գործիչներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, հայտնի քաղաքագետներ և մեդիա փորձագետներ, խոշոր լրատվամիջոցների լրագրողներ, հասարակական գործիչներ և մարզիկներ։
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ, Ուկրաինայի Հայերի միության կոնֆերանս, կլոր սեղաններ և քննարկումներ ուկրաինացի քաղաքական գործիչների և փորձագետների ու նրանց հայ գործընկերների մասնակցությամբ, ինչպես նաև մշակութային մի շարք միջոցառումներ, որոնց մեջ առանձնանում է սքեյթ-փարկի բացումը (Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերը) և Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի՝ էլեկտրամեքենաների լիցքակայանների ցանցի շնորհանդեսը։
«Մեր նպատակն է՝ նոր հզոր ազդակ հաղորդել Կիևի և Երևանի հարաբերություններին»,- այս մասին AnalitikaUA.net պարբերականին տված մեկնաբանության մեջ ասել է Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը։
Պարբերականի համաձայն՝ սքեյթ փարքի բացման արարողության հյուրերի համար նախատեսվում է նաև ուկրաինացի և հայ աստղերի համերգ։