Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անթույլատրելի է: Ինչպես հայտնում է Թերթ-ը՝ հղում կատարելով «Սպուտնիկ» գործակալությանը, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախուսազրույցում:
Ինչպես նշվում է վրացական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, զրույցը կայացել է ուկրաիանական կողմի նախաձեռնությամբ: Զելենսկին հետաքրքրվել է Վրաստանի նախկին նախագահ Միեխիլ Սաակաշվիլիի առողջական վիճակով, որը նաև Ուկրաինայի քաղաքացի է:
Ղարիբաշվիլին Զելենսկիին հայտարարել է, որ Սաակաշվիլին, ինչպես և մյուս վրացի բանտարկյալները, գտնվում են վերահսկողության տակ և նրան համապատասխան բուժծառայություն է տրամադրվում շուրջօրյա ռեժիմով:
Վրացի վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին հնարավորություն է ընձեռվում, որ իրեն այցելեն ինչպես փաստաբանները, ընտանիքի անդամները, այնպես էլ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, և որ նա ավելի քան 100 այցելու է ունեցել:
Զելենսկին անդրադարձել է նաև Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցին, ինչին վրացի վարչապետը պատասխանել է, որ №18 հաստատություն տեղափոխվելիս Սաակաշվիլին դիմադրություն է ցույց տվել և լեզվական ու ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել բուժանձնակազմին, ինչից հետո նրա նկատմամբ օրենքով սահմանված գործողություններ են իրականացվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից:
«Հեռախոսազրույցի ընթացքում վրացական կառավարության ղեկավարը Միխեիլ Սաակաշվիլիի անօրինական գործողությունները գնահատել է որպես սադրիչ քայլ, որը սպառնալիք է ներկայացնում երկրի կայունության համար, և հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գորքերին անթույլատրելի է»,- ասվում է կառավարության մամուլի հաղորդագրության մեջ: