Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոն և Սեդաթ Օնալը Ստամբուլում խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկման հարցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Ընդգծվել է մոտ ժամանակներս Հարավային Կովկասի համար «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է Aysor.am-ը: