ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆեյլ (Ֆրանսիա)) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում տարածաշրջանում տեղի ունեցող վերջին միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար։
Համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածություններով:
Վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը, որը միտված է նպաստելու տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը: