Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հետ կապված մտահոգություն է հայտնել։ Այս մասին ասվում է ԵԽ կայքում, փոխանցում է News.am-ը:
«Ես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով։ Այդ միջադեպերն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Հրադադարի մասին լուրերը ողջունելի են, և ես երկու կողմերին կոչ եմ անում պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասել է նա։
Նա հավելել է․ «Միանալով կազմակերպությանն ավելի քան 20 տարի առաջ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը պետք է լինի անփոփոխ և խստորեն պահպանվի»։
«ԵԽ-ն կրկին հայտարարում է ԵԱՀԿ ՄԽ-ին իր աջակցության մասին, որը ջանքեր է գործադրում՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հարթելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը՝ վստահության ամրապնդման և հաշտեցման աջակցության նպատակով»,-հավելել է ԵԽ գլխավոր քարտուղարը։