ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խոսելու ենք նաև այն մասին, ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար, ինչպիսին, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Ողջունում ենք ռուսական ջանքերը հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելուն հասնելու գործում»,- ասել է նա՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ։
«Մենք փորձում ենք օգտագործել մեր բոլոր գործիքները, որոնք մեզ հասանելի են այս հակամարտությունը կարգավորելու համար: Սա այն է, որի վրա մենք շատ սերտորեն աշխատում ենք Ռուսաստանի հետ: Մենք ունենք երեք համանախագահներ՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք բոլոր ջանքերը գործադրում են վստահություն ձևավորելու համար և փորձում են ապահովել, որ բոլոր կողմերը հասնեն կայուն համաձայնության»,- ընդգծել է կազմակերպության նախագահը։