Դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը:
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այս շաբաթվա սկզբին տարածաշրջանում տիրող իրավիճակի և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների համատեքստում:
Շառլ Միշելն առաջարկել է հյուրընկալել նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում՝ ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում։
Առաջնորդները համաձայնվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար լարվածության հաղթահարման ուղիները, որին ԵՄ-ն աջակցում է։
Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապի գիծ՝ համապատասխան պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ»,- նշված է հայտարարությունում: