Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացնել իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկել կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Դիտորդական կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով: ՌԴ խաղաղապահներն ապահովում են անցակետերով ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննման են ենթարկվում բոլոր տրանսպորտային միջոցները»,- ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը:
Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով:
Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուսաստանցի զինծառայողները հանդերձված են «Ռատնիկ» համազգեստով: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով: