Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը դեկտեմբերի 10-ին կանցկացնի հեռուստամարաթոն՝ «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ը պատահական չէ ընտրված:
Հիմնադրամի հիմնական առաքելությունն է նպաստել Արցախի խաթարված սոցիալ-տնտեսական իրականության վերականգնմանը: Այդ համատեքստում անցկացվող մարաթոնի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը հատկացվելու է Արցախի զարգացմանն ուղղված բիզնես և ստարտափ գաղափարների աջակցմանը:
Էմմա Պետրոսյանը նշեց, որ աշխատանքները թափանցիկ իրականացնելու համար հիմնադրամի կողմից ստեղծվել է ahimnadram.com հարթակը, որտեղ էլ տեղադրվում են պոտենցիալ ֆինանսավորվող ծրագրերը: Արդեն ամենատարբեր ուղղություններին առնչվող 11 ծրագիր տեղադրվել է:
Մարաթոնի հեռարձակումը լինելու է տարբեր հեռուստաընկերություններով՝ 4-5 ժամ տևողությամբ: