ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև, տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա, ըստ որի՝ քաղաքային ավտոբուսների ձեռքբերման և քաղաքային տրանսպորտային ցանցի վերազինման համար Հայաստանին է տրամադրվելու 25 մլն եվրո վարկային միջոց, որից 5 մլն եվրոն տրվելու է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից՝ որպես դրամաշնորհ: