Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է,տեղեկացնում է «Greek city times»-ը՝ նշելով, որ Ադրբեջանն օգտագործում է ձեռքի տակ եղած բոլոր միջոցները՝ օկուպացված հայկական Շուշի քաղաքն իրենը ներկայացնելու համար, փոխանցում է Այսօր-ը:
Ընդգծվում է, որ դա չի վրիպել Հունաստանի հայ համայնքի ուշադրությունից: Հայ համայնքը դիմել է տեղական իշխանություններին՝ հեռացնելու գովազդը, որն արվել է առանց երկմտանքի:
«Greek city times»-ը գրում է նաև, որ թեպետ գովազդը հանվել է, սակայն հարց է առաջանում, թե ինչու է ընդհանրապես թույլատրվել այն ցուցադրել: «Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գրավել են պատմական հայկական Շուշի քաղաքը»,- գրում է կայքը:
Հունաստանում ՀՀ դեսպանությունը ավելի վաղ հայտնել էր, որ տեղյակ է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին և համայնքային կառույցների մասնակցությամբ՝ ամեն միջոց գործադրում է,որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և չկրկնվի: