Ռուսական կողմի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ու զարգացման վրա: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպումների վերաբերյալ մեկնաբանությունները ՌԴ նախագահի վարչակազմի իրավասությունն են:
«Կարող եմ ասել, որ մենք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում ենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման համար։ Իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվում նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան հայտնել է նաև, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին Ստոկհոլմում: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։