Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Tasnim-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է Թեհրանի և Անկարայի միջև համագործակացությունը տարբեր ոլորտներում՝ ներառյալ էներգետիկայի, բանկային և դրամավարկային, ինչպես նաև առևտրային փոխանակումների հարցերը՝ հավելելով. «Մենք պետք է դյուրացնենք տնտեսական հարաբերությունների զարգացումը, և այս առումով արտոնյալ սակագները կարող են վերանայվել»։
«Իրանն ու Թուրքիան կարող են տնտեսական և քաղաքական հարաբերությունները մոտեցնել ռազմավարական մակարդակին»,- ասել է Ռաիսին:
Կարևորելով Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը՝ նա շարունակել է. «Երեք երկրներն ունեն բազմաթիվ մշակութային, կրոնական և գաղափարական ընդհանրություններ, և չպետք է թույլ տալ այդ հարաբերությունների խաթարում, այլ պետք է հնարավորինս սերտ լինեն՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին»։