Թուրքիան ակնկալում է իր մասնակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի կարգավորման հարցում և մտադիր է շարունակել այդ թեմայի քննարկումը Մոսկվայի և Կիևի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանից վերադառնալիս իր ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տարածաշրջանում խաղաղության հաստատման կողմնակից ենք, հատկապես, երբ խոսքը վերաբերում է առաջին հերթին Ղրիմի թուրքերին։Մենք բազմիցս այդ հարցերը քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և հատկապես պարոն [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք, որ [այս տարածաշրջանը] չլինի տարածք, որում գերակշռում է պատերազմը: Թող ապագայում այս տարածքում խաղաղություն տիրի, մենք ցանկանում ենք դրական վերաբերմունք ձևավորել այս հարցի շուրջ»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան «կմիջնորդի այս հարցում, կքննարկի այս հարցը» Մոսկվայի և Կիևի հետ։ «Մենք կզարգացնենք այդ բանակցությունները թե՛ Ուկրաինայի, թե՛ պարոն Պուտինի հետ, մենք ցանկանում ենք, որ մենք մասնակցենք այդ խնդրի լուծմանը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։