Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվեց Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից, փոխանցում է News.am-ը:
Նա նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել. «Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել է Լուսինե Ավետյանը։
Ավետյանը նշեց, որ իր ղեկավարած գյուղի բնակիչների նկատմամբ նույնպես ճնշում է եղել, որ հայտարարեն, թե Առուշանյանն իրենց ընտրակաշառք է տվել։
Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։
Ամբաստանյալը պատասխանեց միայն պաշտպանական կողմի հարցադրումներին, կտրականապես հրաժարվեց պատասխանել դատախազի հարցերին։