Քաղաքացին 2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ, հակառակ այն հանգամանքին, որ անցակետը փակվում է ժամը 24։00-ից, COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտության նմուշառում չի իրականացվում ժամը 22.00-ից սկսած։
Ինչպես հայտնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, դիմումատուն նշել է, որ մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, ստիպված են եղել գիշերել սահմանային անցակետի նստարաններին կամ մեքենայում։
Բարձրացված հարցը Պաշտպանի աշխատակազմի կողմից քննարկվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի հետ, ով հաստատել է հրապարակված տեղեկատվությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է բարձրացված հարցի քննարկում և գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պարզաբանումների համաձայն՝ COVID-19 ախտորոշման համար ժամը 22.00-24.00 ժամանակահատվածում նմուշառման աշխատանքների ապահովման նպատակով սահմանվել է 3 օրը 1 անգամ հերթականությամբ 3 ընկերությունների համար աշխատանքի իրականացման պարտավորություն: