Անգամ եթե նոր Օմիկրոն շտամի դեպքում, պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության առումով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ միակ միջոցը հիվանդության դեմ պայքարելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է News.am-ը:
Նախարարի խոսքով, այս պահին բուժում է ստանում 12 հազարից ավելի քաղաքացի, որոնցից պատվաստված է ընդամենը 1068-ը, ինչը 8,6 տոկոսն է կազմում. «Հոսպիտալացված 2349 քաղաքացուց պատվաստված է ընդամենը 87-ը: Սա ևս ցույց է տալիս պատվաստումների արդյունավետությունը»,-ասել է նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ, քանի որ առողջապահության նախարարության և վիճակագրական կոմիտեի թվերի միջև 700-ով տարբերություն կա. «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի, որովհետև սկզբունքային հարց է պարզել, թե այդտեղ որևէ չարամտություն եղել է, թե՞ չի եղել:
Եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինենք, իսկ եթե պարզվի, որ տեխիկական հարց է, դա առիթ է, որպեսզի համակարգում եղած բացերը փակենք»,-ասաց Փաշինյանը: