ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի համատեքստում չի հարգում որևէ մեկի կարմիր գծերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա պատասխանել է լրագրողների հարցերին, նախքան ուրբաթ օրը Վաշինգտոնից կմեկներ Մերիլենդ նահանգի Քեմփ Դեյվիդ նստավայր:
Երկրի ղեկավարին խնդրել են մեկնաբանել հայտարարությունները, որոնք Մոսկվան համարում է կարմիր գծեր, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի հետագա մոտեցումը Ռուսաստանի սահմաններին և Ուկրաինայի տարածքում հարվածային համակարգերի, ինչպես նաև հիպերձայնային զենքերի տեղակայումը։
«Ես ոչ մեկի կարմիր գծերը չեմ ճանաչում»,-ասել է Բայդենը։
Նա հավելել է, որ հույս ունի «երկար զրույց» ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք վաղուց գիտենք Ռուսաստանի գործողությունների մասին, ես ակնկալում եմ, որ մենք երկար զրույց կունենանք Պուտինի հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին։
Սակայն նա չի նշել Ռուսաստանի ղեկավարի հետ շփումների հնարավոր ժամկետներն ու ձևաչափը։