Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ-ին խնդրում են Կիևին փոխանցել ամերիկյան զենքի մի մասը, որը նախատեսված էր Աֆղանստանի համար մինչև այնտեղ թալիբների իշխանության գալը։ Այս մասին երկուշաբթի գրում է Foreign Policy ամսագիրը` վկայակոչելով աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը նոյեմբերին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ին խնդրել էր մեծացնել զենքի մատակարարումը, այդ թվում՝ այնպիսի համակարգեր տրամադրել, որոնք Վաշինգտոնը նախկինում չէր ուղարկել Կիև։ Ռեզնիկովը, մասնավորապես, օգնություն է խնդրել օդային և ռազմածովային պաշտպանության, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պատերազմի ոլորտում։
Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմը, ըստ ամսագրի, դիտարկում է մի շարք քայլեր՝ ուղղված ուկրաինական զինված ուժերի հզորացմանը, սակայն դրանց մեծ մասը չի համապատասխանում Ռեզնիկովի խնդրանքին։ Այդպես, Պետդեպարտամենտը և Պենտագոնը բանակցում են Կոնգրեսի հետ՝ Կիևին ավելի շատ հակատանկային զինատեսակներ տրամադրելու համար։ Վաշինգտոնը նաև ուսումնասիրում է Ուկրաինա ռազմական խորհրդատուներ ուղարկելու հնարավորությունը։ Բացի այդ, ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինա Ռուսաստանի Դաշնություն իբր հնարավոր «ներխուժման» դեպքում ազդելու այլ տարբերակներ, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցներ, որոնց հնարավորությունն ԱՄՆ-ը քննարկում է իր դաշնակիցների հետ։
Ընդ որում, Foreign Policy-ն ուշադրություն է հրավիրում, որ ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը և նրա թիմն ամբողջությամբ վերջին շրջանում փորձում են կենտրոնանալ «Չինաստանի կողմից աճող սպառնալիքի» վրա և փորձում են խուսափել քայլերից, որոնք կարող են «գրգռել Մոսկվային», «որպեսզի Ռուսաստանն այս իրավիճակում «շեղող գործոն» չլինի։