Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի կորստի բազմաթիվ հանգամանքներ պետական գաղտնիք են, և այսօր անհրաժեշտ է զերծ մնալ ցանկացած հրապարակումից։ Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով` Հայաստանում արդեն քրեական գործ է հարուցվել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի` Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցման, ինչպես նաև հակառակորդի կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ։ Այդուհանդերձ, ինչպես նշեց վարչապետը, այս քրեական գործով ներգրավված առանցքային անձանցից մեկին այդպես էլ չհաջողվեց ձերբակալել:
Միաժամանակ նա հերքեց այն մեղադրանքները, ըստ որոնց իշխանություններն ի սկզբանե են որոշել հանձնել վերոնշյալ գյուղերը։
«Եթե ամեն ինչ հենց այդպես լիներ, ապա հայ զինվորականներն այնտեղ չէին լինի»,- ասաց քաղաքական գործիչը։