ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համատեղ հայտարարության բովանդակությունը մեզ համար մի շարք լուրջ մարտահրավերներ է պարունակում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 7-ին հրապարակված հայտարարությանը:
«ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստն ավարտվել է դեկտեմբերի 3-ին, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը, որը Սերգեյ Լավրովն անոնսել էր դեկտեմբերի 2-ին, հրապարակվեց միայն երեկ: Սա արդեն իսկ վկայում է չերևացող թեժ քաղաքական գործընթացի մասին:
Իսկ հայտարարության բովանդակությունը մեզ համար մի շարք լուրջ մարտահրավերներ է պարունակում.
Միջնորդները դատապարտում են ոչ թե ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական ոտնձգություններն ու ագրեսիան, այլ "Հայաստան-Ադրբեջան չդեմարկացված սահմանին միջադեպերը":
Հայտարարության մեջ չի օգտագործվում "ռազմագերիներ" բառը՝ միջնորդները սահմանափակվում են "պահվող անձանց" վերադարձի պահանջով: Սա նշանակում է առ այսօր Ադրբեջանում գտնվող հայ զինվորներին և քաղաքացիական անձանց գերիներ չհամարելու Ադրբեջանի քաղաքականությունն արդյունքներ է տալիս:
Կոնկրետ առաջընթաց պահանջող հումանիտար հարցերի շարքում խոսվում է տեղահանված անձանց վերադարձի մասին: Ինչը հուշում է, որ այս հարցով ևս կա որոշակի գործընթաց, որի մասին տեղեկացված չենք:
Միջնորդները, խոսելով Արցախ մուտքի խնդիրների մասին, պահանջում են վերացնել միջազգային ՀՈՒՄԱՆԻՏԱՐ կազմակերպությունների համար սահմանափակումները՝ ընդհանրապես Արցախն իզոլացնելու Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու փոխարեն:
Եվ ամենամտահոգիչը, թերևս, Արցախի երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովման, դեօկուպացիայի, կարգավիճակի հարցերի կամ կարգավորման սկզբունքների հիշատակման օր օրի ավելի լղոզված ու չերևացող դառնալն է:
Ընդգծվում է նոյեմբերի 9-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններից բացի ԱՅԼ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կատարման անհրաժեշտությունը, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, որ կան գաղտնի, չհանրայնացված պայմանավորվածություններ:
Մյուս բոլոր առկա առաջին հայացքից դրական ազդակները մի շարք վերապահումներով են: Այդ թվում, ՝ չգիտեմ որքանով կարելի է դրական համարել այն, որ համանախագահ երկրներն անընդունելի են համարում ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը... չմոռանանք, որ նույն կերպ անընդունելի էին համարում նաև մինչև պատերազմը»,- գրել է նա: