Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքում է, թե սահմանագծման ու սահմանազատման համար Մոսկվայից խումբ է ժամանել Հայաստան, փոխանցում է Aysor.am-ը:
«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրնեը քննարկելու, մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է փոխնախարարը։
Թե ինչու է սահմանին պարբերաբար իրավիճակը լարվում, Սարգսյանն արձագանքել է. «Չշտված բազմաթիվ հարցեր կան ու անընդհատ փորձելու են օգտվել այս իրավիճակից, որովհետև խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը»։
Նա ասել է, թե անընդհատ փորձում է խուսափել սահմանի ու սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին պատասխանել, բայց պետք է հասկանալ, որ դրանք նուրբ հարցեր են, պետք է բավարարվել պաշտոնական լրահոսով։