Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ փոխվարչապետ Բյուլենթ Արինչը «զուգահեռ պետության» անդամ է, ով կարող է հարվածել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը: Անկարայի քաղաքապետը կոչ է արել աշխատանքից ազատել Արինչին: Հիշեցնենք, որ Արինչը հանդես է եկել քննադատական հայտարարություններով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, ով իր հայտարարություններով հակադրվել է քրդական կարգավորման գործընթացում կառավարության վարած քաղաքականությանը:
«Ես մտածում էի, թե «զուգահեռ պետությունը» որ կողմից է հարվածելու, բայց պետք է խոստովանեմ, որ նման հարվածի չէի սպասում: Նրանք ցանկացել են մեզ ներսից հարվածել և դա արել են Բյուլենթ Արինչի միջոցով: Նրանք ցանկանում էին տպավորություն ստեղծել, որ նա այս հայտարություններն արել է կառավարության անունից, և դա նրանց հաջողվեց: Սակայն ես գիտեմ, որ կառավարությունը խիստ անհանգստացած է այս խնդրով», - ասել է Անկարայի քաղաքապետը՝ հավելելով, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս վշտացած է Արինչի հայտարարություններից:
«Իմ վաղեմի ընկերներից մեկն ինձ ասել է, որ Արինչը Ֆեթուլլահ Գյուլենի վերջին հաղթաթուղթն է եղել: Ոչ մի կապ չկա նրա պոռթկման և կառավարության միջև: Նրանք պարզապես հարմար պահի էին սպասում: Արինչի հայտարարությունը եղել է զուգահեռ պետության պատվերով», - ասել է Գյոքչեքը՝ նշելով, որ Աչինչն այլևս չի կարող զբաղեցնել փոխվարչապետի և կառավարության խոսնակի պաշտոնները և պետք է ազատվի աշխատանքից:
Հատկանշական է, որ Թուրքիայում մարդկանց «զուգահեռ կառույցի» անդամ լինելու մեջ մեղադրելը սովորական երևույթ է դարձել: Ցանկացած մարդ, որ հանդգնում է հանդես գալ Էրդողանի և նրա կողմնակիցների դեմ, ինքնաբերաբար դառնում է գյուլենական և մեղադրվում պետությանը դավաճանելու մեջ: Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է իրավապաշտպան կազմակերպությունների պնդումներն այն մասին, որ թուրքական վերնախավը չի կարողանում հանդուրժել իր հասցեին հնչող քննադատությունները և այլակարծությունը: