Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կկայանա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Փորձագետները վստահ են, որ այս փոփոխություններն, որոնք ընդդիմությունը բնորոշել է որպես նախագահի լիազորությունների ընդլայնմանն ուղղված քայլ, գրեթե միաձայն է անցնելու:
Նշենք, որ 1995 թվականին Սահմանադրության ընդունումից հետո Ադրբեջանն արդեն երկու հանրաքվե է անցկացրել՝ 2002 և 2009 թվականներին:
2002 թվականի սահմանադրական փոփոխություններ
2002 թվականի սահմանադրական փոփոխություններով սահմանվել է, որ նախագահն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ նախկին 2/3-ի մեծամասնության փոխարեն: Նախագահի հրաժարականի դեպքում վերջինիս լիազորությունների կատարումը խորհրդարանի խոսնակից անցել է վարչապետին: Վերացվել է նաև կուսակցական ցուցակներով պատգամավորների ընտրությունը:
2009 թվականի սահմանադրական փոփոխություններ
2009 թվականի սահմանադրական հիմնական փոփոխությունները վերաբերել են նախագահի ընտրության հիմքերին՝ մասնավորապես վերացվել է առավելագույնն երկու անգամ նախագահի պաշտոնում ընտրվելու սահմանափակումը: Ընդունվել նաև փոփոխություն, որով Միլի Մեջլիսի նիստերը կարելի է անցկացնել դռնփակ՝ նախագահի կամ 83 պատգամավորի պահանջով: Փոփոխություն է կատարվել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին հոդվածում: Մասնավորապես «Ոչ-ոք չի կարող սահմանափակել մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների իրականացմանը» ձևակերպումը փոխարինվել է «Յուրաքանչյուրի իրավունքը և ազատությունը սահմանափակվում է Սահմանադրությամբ և օրենքներով որոշվող հիմքերով, ինչպես նաև այլ մարդկանց իրավունքներով և ազատություններով» ձևակերպումով: Այս փոփոխությունները քննադատության են արժանացել ոչ միայն ադրբեջանական ընդդիմության, այլ նաև միջազգային հանրության կողմից: Վենետիկյան հանձնաժողովն իր եզրակացությունում նշել է. «Որպես կանոն, կարելի է ասել, որ նախագահի անսահմանափակ վերընտրվելու արգելքի հանումը, հետքայլ է»:
2016 թվականի սահմանադրական փոփոխություններ
Սեպտեմբերի 26-ի սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է Ադրբեջանում նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից դարձնել 7 տարի, նախագահին իրավունք վերապահել նախագահական արտահերթ ընտրություններ նշանակել: Առաջարկվում է ներդնել առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտ: Սահմանադրությամբ նվազեցվում են նաև նախագահի և պատգամավորների թեկնածուների համար նախատեսված տարիքային շեմերը: Նախագահի պաշտոնի պարագայում այն 35-ից իջեցվում է 25-ի, իսկ պատգամավորների պարագայում՝ 25-ից 18-ի: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ առաջարկվող փոփոխությունները հակասում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին, սակայն պաշտոնական Բաքուն, կարծես, այդքան էլ մտահոգված չէ այդ հանգամանքով:
Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների դինամիկան հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունները միտված են ոչ թե երկրում ժողովրդավարության ամրապնդման, այլ՝ իշխանության կենտրոնացմանը, նախագահի ինստիտուտի ուժեղացմանը, այլ կերպ ասած՝ Ալիևի իշխանության ընդլայնմանը: