Հայաստանը հանգիստ կարող է կապվել Եվրոպայի հետ, եթե դուրս գա Ղարաբաղի տարածքից: Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը Կարսում ժողովրդի հետ ունեցած հանդիպմանը կրկին խոսելով ադրբեջանական նախապայմանով Հայաստանի հետ սահմանը բացելու մասին:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը` հղում կատարելով թուրքական «Yesiligdir.com» կայքին Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարարը փակ սահմանի համար մեղադրել է Հայաստանին` ասելով, որ իրենք չեն ցանկանում սահմանը փակ տեսնել: Արսլանը հայտարարել է, որ իրենք ցանկանում են, հարևան երկրի (Հայաստանի) հետ առևտուր անել և հարաբերություններ զարգացնել, սակայն այստեղ մի բայց կա ու այդ բայցն էլ Ադրբեջանն է:
«Եթե մենք Ադրբեջանի հետ 1 ազգ 2 պետություն ենք, ապա սահմանը բացելու մեր առաջարկը կարող է գործել միայն հետևյալ պայմանով. Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի օկուպացրած տարածքներից, Ադրբեջանի հողերը հետ վերադարձնի` ապահովելով ադրբեջանցի փախստականների վերադարձը Ղարաբաղ:
Ասում ենք` դուք արեք այն, ինչ անհրաժեշտ է, մենք Կարսի արևելյան կողմը արևելքը փակուղի չենք դարձնի: Հայաստանն էլ բանտարկված չի լինի, կկարողանա Թուրքիայի տարածքով ավելի հեշտ կապ հաստատել Եվրոպայի զարգացած երկրների հետ»,- ասել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին մեկնարկեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչված գործընթացը: Այդ գործընթացի շրջանակներում նախագահ Սարգսյանի հրավերով Երևան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու:
2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների կողմից «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ նախաստորագրվեց: Առանց նախապայմանների այս փաստաթղթերը, թեև շատ մեծ նշանակություն կարող էին ունենալ երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, սակայն Թուրքիայի պարագայում ներքին դժգոհություններին գումարվեցին ադրբեջանական ճնշումները: Իսկ արդյունքում արձանագրությունների նախաստորագրումից կարճ ժամանակ անց Թուրքիան կրկին վերադարձավ իր նախկին հռետորաբանությանը՝ հայտարարելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար գոյություն ունեն նախապայմաններ՝ կապված Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ: Թուրքիան հրաժարվեց ողջամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու իր ստանձնած պարտավորությունից, ինչին ի պատասխան արդեն 2015-ին գործընթացից պաշտոնապես դուրս եկավ և հայկական կողմը հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչեց ԱԺ-ից:
Նշենք, որ Թուրքիան շարունակ օգտագործում է այս գործոնը որպես սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայման, ինչպես նաև անընդհատ փորձում է միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին`միակողմանի աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին միջազգային տարբեր հարթակներում: