«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով:
Ընտրարշավին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը թե´ իրենց նախընտրական ծրագրերում, թե´ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը: Բացառություն է միայն «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը: ՀՎԿ նախընտրական ծրագրում ևս չկա է որևէ անդրադարձ Ղարաբաղյան հիմնախնդրին:
2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության հարցում կարելի է առանձնացնել երեք հիմնական խմբերի:
Առաջինը կարելի է դիտարկել «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության՝ հիմնախնդրի շուրջ ունեցած դիրքորոշումը: Համաձայն ՀՅԴ դիրքորոշման՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ, իսկ Արցախի անկախությունն այս կուսակցության համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է միայն:
Երկրորդ խմբում կարելի է դիտարկել մյուս 6 («Հայաստանի Հանրապետական» կուսակցություն «Ելք» կուսակցությունների դաշինք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք, Կոմունիստական կուսակցութուն) կուսակցությունների և դաշինքների հարցի շուրջ ունեցած դիրքորոշումները, որոնք հիմնվում են խնդրի փոխզիջումային, բանակցային կարգավորման վրա՝ իրարից տարբերվող շեշտադրումներով:
Տարբերվող շեշտադրումներն առավել տեսանելի դարձնելու համար ստորև անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին.
Օրինակ, «Ելք» կուսակցությունների դաշինքը որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է համարում Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը: Դաշինքի կողմից շեշտադրվում է Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության անթույլատրելիությունը և Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման անհրաժեշտությունը:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման և խորհրդային Ադրբեջանից ապագաղութացման իրավունքն անքակտելի է համարում, իսկ դրա իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, անշրջելի ու անբեկանելի: Ծրագրում նույնպես խոսվում է Արցախի միջազգային ճանաչման, Արցախի՝ բանակցություններում ներգրավման մասին:
Ըստ Հայաստանի Կոմունիստական կուսակցութան Արցախի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է և իր հետագա ճակատագիրը պետք է որոշի միայն ինքը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը խնդրի լուծման առանցքում տեսնում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը: Կուսակցության նախընտական ծրագրում խոսվում է ռազմական հավասարակշռության, ժողովրդական դիվանագիտության միջոցով հայերի և ադրբեջանցիների միջև փոխվստահության մթնոլորտի հաստատման և միակողմանի զիջումների բացառման մասին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բանակցային գործընթացում իր նպատակն է համարում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն Արցախի բնակչության կողմից: Կուսակցության նախընտրական ծրագիրը սատարում է խաղաղ բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Բացի այդ, խոսվում է պաշտպանական կարողությունների անընդհատ կատարելագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի մասին:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն իր նախընտրական ծրագրում նույնպես շեշտադրում է Արցախն անհապաղ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը և ԼՂՀ միջազգային ճանաչումը՝ որպես հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակ:
Տարբերվող իր դիրքորոշմամբ Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի հակամարտության լուծման շուրջ ունեցած տեսակետը: Համաձայն դաշինքի հարցի շուրջ որդեգրած դիրքորոշման՝ Հայաստանի և Արցախի գոյության հրամայականն է «դուրս գալ հարևան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից և դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր»: Նախընտրական ծրագրում նաև ասվում է. «Հաշտությունը կապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը»։ Այլ կերպ ասած այս դաշինքը հաշտությունը ներկայացնում է՝ որպես Հայաստանի և Արցախի անվտանգության, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացման պայման:
Շարքից թերևս դուրս է մնում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը ինչպես նշել ենք, նախընտրական ծրագրում չունի որևէ անդրադարձ Ղարաբաղյան հակամարտությանը:
Ամփոփելով, պետք է փաստել, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ կուսակցությունների և դաշինքների ունեցած մոտեցումներն հիմնականում իրար բավական մոտ են և չեն պարունակում նորարարական, նախկինում չդիտարկված լուծումների առաջարկներ:
Համադրական այլ վերլուծականներ՝