ԱՄՆ պետքարտուղարը Պուտինին ու Պորոշենկոյին կոչ է արել ուղիղ բանակցել

11:20     27 նոյեմբերի, 2018

ԱՄՆ պետքարտուղարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել նոյեմբերի 25-ին Ազովի ծովում ռուսական և ուկրաինական նավերի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի հարցով ուղիղ բանակցություններ սկսել:

Պետքարտուղարի հայտարարությունում կոչ է արվում Մոսկվային վերադարձնել ուկրաինացի նավաստիներին ու կալանված նավերը և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ներառյալ իր տարածքային ջրերը:

Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունում նշվում է նաև, որ «կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու պահպանեն իրենց ստանձնած միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները»:

«Կոչ ենք անում նախագահներ Պորոշենկոյին ու Պուտինին ուղղակիորեն մասնակցել ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացին: Այս առումով մենք վերահաստատում ենք եմր աջակցությունը Նորմանդական Քառյակի ձևաչափին»,-նշված  է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին սրվել էին Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի ու դրա հետագա զարգացումների պատճառով, որից հետո Գերագույն ռադան հաստատել է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, համաձայն որի՝ Ուկրաինայի տարածքում 30 օրով ռազմական դրություն է սահմանվում: Որոշումն ավելի վաղ  ստորագրվել էր նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից:


© armedia.am