Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է հրեա ժողովրդին Ռոշ-Հաշանայի՝ հրեական Ամանորի կապակցությամբ:
Այսօր առավոտյան իսլամական հանրապետության նախագահի Twitter-յան էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Աբրահամից սերող մեր ընդհանուր արմատները թող խորացնեն հարգանքը, խաղաղություն և փոխադարձ ըմբռնում բերեն»:
Ինչպես նկատել են արևմտյան լրատվամիջոցները, անգլերենով հրապարակված այս հաղորդագրությունը Ռոհանիի Twitter-յան էջի պարսկալեզու տարբերակում չկա, հետևաբար այն ուղղված է ոչ այնքան երկրի հրեական համայնքին, այլ առավելապես՝ միջազգային հանրությանը:
Նշենք, որ Ռոհանին նման ուղերձ էր հղել հրեաներին նաև 2013 թվականին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, վերջին տարիներին հրեաների Ամանորը Twitter-յան իր էջի միջոցով պարբերաբար շնորհավորել է նաև Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
Նշենք, որ հրեաների և հրեական պետության հետ Իրանի հարաբերությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունն այժմ սրված է ԱՄՆ Կոնգրեսում Իրանի հետ կնքված միջուկային գործարքի շուրջ քվեարկության նախաշեմին: Այս առիթով եվրոպական առաջնորդները՝ մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներն օրերս հոդված են հրապարակել The
Թեև պաշտոնական Թեհրանից դեռևս չի հնչում որևէ ազդակ Իսրայելին ճանաչելու և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորության շուրջ, այնուամենայնիվ միջնորդների հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից ի վեր մամուլում հաճախակի են դարձել հրապարակումներն Իրանում հրեական համայնքի առկայության, կենսակերպի, քաղաքական ակտիվության վերաբերյալ: Համաձայն այդ հրապարակումների՝ Իրանի հրեական համայնքը 3 հազար տարվա պատմություն ունի: Թեև շատ հրեաներ իսլամական հանրապետությունը լքել են 1979թ. հեղափոխությունից հետո, այնուամենայնիվ այժմ Իրանում շուրջ 20 հազար հրեա է բնակվում: Ի դեպ, սեփական ավանդույթները պաշտպանելու հարցում նրանց իրավունքներն ընդլայնվել են Ռոհանիի նախագահության օրոք, մասնավորապես՝ վերջինս շաբաթը ոչ աշխատանքային է հռչակել հրեական դպրոցների և այլ հաստատությունների համար, մոտ 400 հազար դոլարի նվիրատվություն է կատարել Թեհրանի հրեական բարեգործական հիվանդանոցին, 2013թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին Նյու-Յորք է մեկնել երկրի միակ հրեա օրենսդրի ուղեկցությամբ և այլն: