ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան Իրանին կոչ է անում ճանաչել Իսրայել պետությունը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Իրանի իշխանություններին կոչ են արել ճանաչել Իսրայել պետության գոյությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Կոնգրեսում Իրանի հետ միջուկային գործարքի քվեարկության նախաշեմին Washington Post-ում հրատարակված եվրոպական երեք առաջնորդների համատեղ հոդվածում:

«Մենք ոչ երկիմաստ արտահայտություններով քննադատում ենք Իրանի կողմից Իսրայելի չճանաչելը և անընդունելի ենք համարում Իրանի առաջնորդների հայտարարությունները Իսրայելի մասին», - ասվում է հոդվածում:

Նշենք, որ Իրանի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս Իսրայելին հասցեագրված կտրուկ հայտարարություններով: Նման վերջին հայտարարությունն արվել է սեպտեմբերի 11-ին. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելը հաջորդ 25 տարիների ընթացքում կկործանվի:«Քառորդ դար հետո Երկրագնդի վրա չի լինի այնպիսի երևույթ, ինչպիսին է սիոնիստական վարչակարգը: Իսկ մինչ այս ռազմական ջիհադիստական ոգին սիոնիստներին հանգիստ չի տա»,-հայտարարել է Խամենեին:

Թել-Ավիվն, իր հերթին, Թեհրանի նկատմամբ հանդուրժողականություն չի դրսևորում ՝ իր արևմտյան գործընկերներին կոչ անելով չհամագործակցել Թեհրանի հետ, քանի որ վերջինս «ահաբեկչություն է հովանավորում»: Թել-Ավիվն ամեն կերպ փորձում է Իրանին պահել միջազգային մեկուսացման մեջ:

Տեղեկանք

Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունները ոչ միշտ են թշնամական եղել: Իրանը հրեական պետությունը դե-ֆակտո ճանաչել է 1950 թվականին՝ վերջինիս ստեղծումից երկու տարի անց: Չնայած, որ իրանական իշխանությունները ձգտում էին չհրապարակել հրեական պետության հետ հարաբերությունները, արդեն 1970-ականների վերջին Իսրայելն Իրանի առևտրային կարևոր գործընկերների տասնյակում էր: Այդ ժամանակ Իսրայելը նավթի իր պահանջարկի 75 տոկոսը գնում էր Իրանից: Անհավանական է թվում, սակայն, 1973 թվականի արաբ-իսրայելական պատերազմի ժամանակ Իրանն Իսրայելին է տրամադրել 25 «Ֆանտոմ» կործանիչներ:

Իրանի արտաքին քաղաքականությունում արմատական փոփոխություններ տեղի ունեցան 1979 թվականին Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո: Այդ փոփոխություններն անդրադարձան նաև Իրան-Իսրայել հարաբերությունների վրա: Երբեմնի բարեկամական հարաբերությունները հրեական պետության հետ հակասում էին Իրանի նոր գաղափարախոսությանը և քաղաքական ռազմավարությանը, ինչի արդյունքում էլ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:

Իրանի քաղաքական ռազմավարության հիմնասյուն դարձած Իսլամական հեղափոխության արտահանման գաղափարը ենթադրում էր իսլամական աշխարհում Իրանի ազդեցության տարածում: Սակայն Իրանը, լինելով ոչ արաբական երկիր, չէր կարող դրա համար օգտագործել պանարաբիզմի գաղափարախոսությունը: Նման պայմաններում որպես իր ազդեցության ընդլայնման հիմնական գործիք Թեհրանը սկսեց օգտագործել կրոնը: Արդյունքում, իշխանությունները սկսեցին ձևավորել Իսրայելի բացասական կերպարը՝ որպես մուսուլմանների՝ մասնավորապես պաղեստինցիների և լիբանանցիների կեղեքիչի:

Սակայն հարկ է նշել, որ չնայած քարոզչությանը՝ Իրանը և Իսրայելը 1980-ականների վերջին և 90-ականներին շարունակել են շփումները: Տեղեկություններ կան, որ իրան-իրաքյան պատերազմի ժամանակ՝ 1985-86 թվականներին, Թեհրանն ամերիկյան զենքի մատակարարման շուրջ բանակցությունները վարել է Իսրայելի միջոցով: Քայլեր են արվել նաև այլ ուղղություններով: 1990-ականների վերջին Իսրայելը հայտարարեց Իրանին մինչ Իսլամական հեղափոխությունը մատակարարած գազի 650 միլիոն դոլար պարտքի վերադարձման պլանների մասին:

Այսօր Իրանը և Իսրայելը փաստացիորեն նույն դիրքորոշումն են զբաղեցնում տարածաշրջանի ամենակնճռոտ հարցի՝ սիրիական հակամարտության կարգավորման շուրջ: Այսպես, Թեհրանը հանդիսանում է Դամասկոսի դաշնակիցը, իսկ Թել-Ավիվը զգուշությամբ հայտարարում է տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման ցանկության մասին:

Չնայած դրան՝ ակնկալել, որ երկրները կհրաժարվեն իրենց ներկայիս քարոզչությունից, իսկ Թեհրանը կհետևի Եվրոպայի այդ կոչին, չարժե: Արևմուտքի հետ միջուկային գործարքն Իրանի համար նոր հնարավորություններ է ստեղծում մուսուլմանական աշխարհում և մասնավորապես Մերձավոր Արևելքում իր ազդեցության ընդլայնման համար: Այս համատեքստում Իսրայելի հետ համագործակցությունը և նույնիսկ վերջինիս նկատմամբ քարոզչության մեղմացումը կարող է վնասել Թեհրանի այս ծրագրերին: Նման պայմաններում Իրանն առավել հավանական է, որ կուժեղացնի Իսրայելի դեմ իր հռետորաբանությունը: Մյուս կողմից, Իսրայելի կողմից զիջողականություն և նախաձեռնողականություն ակնկալելն իրատեսական չէ: Դրանով են պայմանավորված նաև Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման հետ կապված Իսրայելի մտահոգությունները: 

 

 

 

 

 





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: