Կար ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առիթը բաց չէր թողնում խոսելու իր երկրի տնտեսության զարգացման հիմքում ընկած նավթային ռեսուրսների մասին՝ որպես անփոխարիների ուժի: Սակայն, նավթի համաշխարհային գների անկում և դրանց ցածր մակարդակի պահպանումը ստեղծեց նոր իրավիճակ: Բացառապես նավթային հիմքի վրա կառուցված տնտեսությունները, այդ թվում՝ ադրբեջանական, կանգնեցին «անփոխարինելի» նավթի գործոնը փոքրացնելու ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության խնդրի առաջ: Արդեն 2016 թվականի սկզբից ադրբեջանական տնտեսությունում տրամաբանորեն առաջացած «փուչիկների» պայթյուններն Ալիևին իսպառ զրկեցին տնտեսության թռիչքային զարգացման մասին խոսելու հնարավորությունից, փոխվեց Ադրբեջանի տնտեսական գլոբալ քաղաքականությունը: Անփոփոխ մնաց միայն մեկ բան՝ Ալիևի դեմքի նույն գոհ արտահայտությունը:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հերթական հայտարարությունը հայտնվեց, որով Ալիևը վստահեցնում էր, որ Ադրբեջանը հաստատակամորեն շարժվելու է տնտեսությունը դիվերսիֆիկացման ուղղությամբ: Ամենազավեշտալին այն է, որ նախագահի կայքում հայտնված մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ամերիկայի Առևտրի պալատի ներկայացուցիչներին Ալիևը վստահեցրել է, որ արդեն տասը տարի է՝ Ադրբեջանում բացվել է միլիոնից ավել աշխատատեղ, զարգացել են ենթակառուցվածքները և ստեղծվել է արդյունաբերական պոտենցիալ: Տրամաբանական հարց, այդ դեպքում ո՞րն է խնդիրը: Ստացվում է, որ վերջին տասը տարիներին Ադրբեջանի տնտեսությունը հետևողականորեն դիվերսիֆիկացվել է, սակայն նավթի գների անկումը, չգիտես թե ինչու, Ալիևին կրկին ստիպել է հիշել դիվերսիֆիկացման իր թեզը:
Իրականում խնդիրն այն է, որ Ալիևը փաստացի քաղում է իր իսկ կողմից տարիներ շարունակ վարած սխալ քաղաքականության, հանցավոր տնտեսական սխեմաների, Պանամայի օֆշորներում տարիներ շարունակ վարած մութ գործերի պտուղները և այս պարագայում անգամ չի ընդունում սխալը՝ պնդելով, թե նախորդ տասը տարիներին Ադրբեջանն իբր զբաղվել է նաև այլ ոլորտների զարգացմամբ: