Արդեն գրեթե երեք ամիս է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում գործում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի նոր տարբերակը: Բացի այդ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է նաև առանց կանխավճարի բնակարանային վարկերի ծրագիրը: Ինչպես «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշեցին նախարարությունից, այս նախագիծը կհանձնվի Կառավարության հաստատմանը ոչ շուտ, քան մյուս տարի: Իսկ մինչ այդ, փորձենք հասկանալ, թե ինչպես են այս ծրագրերն ազդում ՀՀ անշարժ գույքի շուկայի վրա:
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի նոր տարբերակը ուժի մեջ է մտել մարտի վերջին և ենթադրում է նոր, ավելի մատչելի պայմաններ, մասնավորապես՝ երիտասարդ զույգի տարիքային շեմի բարձրացում (գումարային արտահայտությամբ նախկին 60-ի փոխարեն՝ 65), ձեռք բերվելիք բնակարակի առավելագույն արժեքի բարձրացում (16 մլն դրամի փոխարեն 25 մլն դրամ) և Երևանում ձեռք բերվելիք բնակարանի կանխավճարի նվազագույն շեմի կրճատում (30%-ի փոխարեն 10%՝ լրացուցիչ գույքի գրավադրման պայմանով):
Թեև ծրագրի արդյունավետության գնահատման մասին դեռ վաղ է խոսել, այնուամենայնիվ փորձենք հասկանալ՝ ինչ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի անշարժ գույքի շուկան և իրականացվող պետական ծրագրերն ինչ ազդեցություն են ունեցել գործընթացի վրա:
Ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 162 363 գործարք: 2014թ. նույն ժամանակահատվածի համար ցուցանիշը կազմել է 194 840 գործարք, 2013թ.-ին՝ 172 405 գործարք[1]:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2015-ին վերջին երկու տարիների համեմատ անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքներն անկում են ապրել: Բերված ժամանակաշրջանում ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2014թ.: Քանի որ նշված երեք տարիների ընթացքում էլ գործել է մատչելի բնակարան ծրագրի նախորդ տարբերակն, ապա վիճակագրության փոփոխությունը կապված է ոչ այնքան ծրագրի, որքան բնակչության վճարունակության հետ:
Ինչ վերաբերում է ընթացիկ վիճակագրությանը, ապա, հաշվի առնելով, որ երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանների տրամադրման նոր ծրագրի մասին որոշումը կայացվել է մարտին, համեմատենք մարտին նախորդող և հաջորդող ժամանակահատվածները:
Այսպես, ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների համաձայն, սույն թվականի մարտ ամսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15303 գործարք, ինչը փետրվարի համեմատ ավել է 14.8 %-ով: Ապրիլ ամսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14951 գործարք, ինչը մարտ ամսվա համեմատ քիչ է 2.3 %-ով: Այսինքն, եթե փորձենք եռամսյա կտրվածքով դիտարկել, ապա մարտին, ծրագրի հաստատման ամսին, գործարքների թիվը, որում առյուծի բաժինը մշտապես կազմում է առքուվաճառքը, նախորդ ամսվա համեմատ աճել է, սակայն հաշվի առնելով փաստը, որ ծրագիրը հաստատվել է մարտի վերջին, այսինքն, շուկայում դրա գործարկումից առաջացած հետևանքները պետք է սպասել ոչ շուտ քան հաջորդ ամսվա՝ ապրիլի վերջում, ապա մարտ ամսին՝ փետրվարի համեմատ գրանցած աճը կապ չունի նոր ծրագրի հետ: Ինչ վերաբերում է ապրիլին, ապա այդ ամսվա ցուցանիշները փաստում են, որ շուկայում կա գործարքների անկում: Ծրագիրը շուկայում դեռ չի գտել այն դրական արձագանքը, որին սպասում էինք, ինչի համար, այնուամենայնիվ, ինչպես և նշեցինք հոդվածի սկզբում, դեռ ժամանակ է պետք, ուստի ցանկացած գնահատական կարելի է որակել՝ որպես շտապողականություն:
Ինչևիցէ, երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանների ծրագրի արդյունավետությունը փորձեցինք պարզել ավելի լայն կտրվածքով, ինչի համար դիմեցինք ՀՀ ԿԲ:
Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, ՀՀ ազգային արժույթով տրամադրված հիփոթեքային վարկերի վիճակագրությունը նախորդ տարվա վերջից մինչև ընթացիկ ժամանակաշրջանը հետևյալն է (մլն ՀՀ դրամ).
2015 |
2016 |
||||
Նոյեմբեր |
Դեկտեմբեր |
Հունվար |
Փետրվար |
Մարտ |
Ապրիլ |
80 080 |
80 880 |
80 450 |
80 573 |
81 090 |
81 358 |
Նույն ժամանակահատվածի համար արտարժույթով տրամադրված հիփոթեքային վարկերի վիճակագրություն (մլն ՀՀ դրամ) ՝
2015 |
2016 |
||||
Նոյեմբեր |
Դեկտեմբեր |
Հունվար |
Փետրվար |
Մարտ |
Ապրիլ |
115 684 |
123 676 |
119 986 |
120 800 |
120 652 |
112 605 |
Վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի հաստատված հիփոթեքային վարկերի քանակական աճ կա: Ընդ որում, արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը նշված ժամանակահատվածի բոլոր կետերում էլ գերազանցում է ազգային արժույթով տրամադրված վարկերի գումարային արտահայտությանը, ինչը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ արտարժույթով տրամադրվող վարկերի պայմաններն ավելի լավն են՝ կապված վարկառուի հետ բարձր ռիսկայնությամբ (ավելի լայն ժամանակահատվածի համար տրամադրված հիփոթեքային վարկերի վիճակագրությունն այստեղ):
Երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկերի տրամադրման պետական ծրագրի արդյունավետության գնահատման մասին խոսելին թերևս սխալ կլինի չանդրադառնալ ևս մեկ ծրագրին, որը ենթադրում է առանց կանխավճարի բնակարանային վարկերի տրամադրում: Չի բացառվում, որ երիտասարդ ընտանիքները հենց այս ծրագրի մեկնարկին են սպասում, ինչով էլ գուցե պայմանավորված է փաստը, որ չնայած մարտին Կառավարության կողմից հաստատված բարեփոխումներին, հիփոթեքային վարկերի տրամադրման քանակն այնքան էլ կտրուկ չի աճել:
Իսկ թե երբ առանց կանխավճարի բնակարաններ ձեռք բերելու ծրագիրը կներկայացվի վերջնական հաստատման, փորձեցինք պարզել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որի կողմից էլ Կառավարության քննարկմանն է ներկայացվել ծրագրի նախագիծը: Նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ այն դեռևս ծրագրային վիճակում չէ, ներկայացվել է Կառավարությանը, որտեղ եղել են քննարկումներ նախագծի շուրջ: Ներկա պահին նախագիծը լրամշակման փուլում է: Ըստ նախարարության ներկայացուցչի խոսքերի, ծրագիրն ընդունման կներկայացվի ոչ շուտ, քան մեկ տարի անց: