Անկարան կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել՝ իր զորքերն Իրաքի տարածքում պահելով, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
«Մենք արդեն մեկ անգամ զգուշացրել ենք թուրքական կողմին Իրաքի ներքին գործերին միջամտելու անթույլատրելի լինելու մասին: Ես վախենում եմ, որ նրա այդ արկածախնդրությունը կվերաճի տարածաշրջանային պատերազմի», - հայտարարել է Աբադին: ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 2-ին թուրքական խորհրդարանը որոշում ընդունեց Իրաքի տարածքում թուրքական զորքերի ներկայությունը երկարաձգել ևս մեկ տարով:
Թուրքական զորամիավորումն Իրաքի տարածքում գտնվում է 2014 թվականի Իրաքի կառավարության հետ համաձայնագրի հիման վրա: Թուրք զինվորականները զբաղվում են իրաքյան աշխարհազորայինների վերապատրաստմամբ: 2015 թվականի դեկտեմբերին Անկարան առանց Բաղդադի հետ համաձայնեցման մեծացրեց իր զորակազմը: Թուրքիան պնդում է, որ այդ քայլը արվել է երկկողմ համաձայնագրի շրջանակներում, սակայն իրաքյան իշխանությունները դա դիտարկում են որպես երկրի ինքնիշխանության խախտում:
Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերություններում հերթական սրացումը կավարտվի փոխադարձ մեղադրանքներով և կոշտ հայտարարություններով, քանի որ Իրաքն այժմ այն վիճակում չէ, որ Թուրքիայի հետ մասշտաբային առճակատման գնա: