Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրացրել է Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական ոսկիներ գտնելու նպատակով անօրինական պեղումներ իրականացնող գանձագողերի հարցը:
Ինչպես հայտնում է Tert.am-ը` հղում կատարելով թուրքական «Էվրենսել» պարբերականին, Փայլանը հարցում է հղել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով իրավապահ համակարգի աշխատակիցների մասնակցությամբ գանձագողության դեպքերի հաճախակիության, դրանց հանդեպ պետության վերաբերմունքի և ձեռնարկած հստակ քայլերի մասին:
Փայլանը նաև պահանջել է ճշտել, թե արդյոք հավաստի են այն տեղեկությունները, ըստ որոնց Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ժամանակ զինվորականները թաղամասը շրջափակման մեջ պահելու ընթացքում նույնպես պեղումներ են իրականացրել՝ հայերից մնացած ոսկիները գտնելու համար:
Հիշեցնենք, որ օրերս Դիարբեքիրում անօրինական կերպով պեղումներ կատարելու մեղադրանքով 8 հոգի է ձերբակալվել, որոնցից 4-ը ոստիկաններ են: