Հաշված օրեր են մնացել մինչև մարտի 31-ը, երբ Ուկրաինայի ժողովուրդը կորոշի հաջորդ 5 տարիների իր նախագահին:
Այս տարվա ընտրություններն արդեն իսկ գրանցել են ռեկորդ թեկնածուների քանակով. նրանք 39-ն են, որոնց շարքում են հանրությանը հայտնի ու անհայտ բազմաթիվ քաղաքական գործիչներ և ոչ միայն:
Նախընտրական մրցապայքարն ընթանում է բավականին թեժ և ժանրի կանոններին համապատասխան. հակառակորդները «ջրի երես են հանում» միմյանց մեծ ու փոքր բացթողումները, կյանքի մութ էջերը և չեն զլանում նշել հայտնի ու անհայտ հովանավորների մասին:
Այս ընթացքում անցկացված տարբեր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Ուկրաինայի ընտրողների համակրանքն են վայելում նրանցից 3-ը՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և շոումեն, հաղորդավար, պրոդյուսեր, կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:
Ի՞սկ ինչ քաղաքական կարիերա են ունեցել Ուկրաինայի ընտրողների այս 3 «սիրելիները»: Կարծում ենք՝ հետաքրքիր կլինի ծանոթանալ նրանց անցած քաղաքական ուղու կարևոր կետերին:
Պյոտր Պորոշենկո
Ուկրաինայի գործող, 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն քաղաքական գործչի կարիերան սկսել է Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն անդամագրվելով: 2000թ. Պորոշենկոն հիմնել է «Համերաշխություն» ("Солидарность") կուսակցությունը: Նա նաև կապ է ունեցել «Ռեգիոնների կուսակցության» ստեղծման հետ:
2002թ. Պորոշենկոն դարձել է ընդդիմադիր «Մեր Ուկրաինա» խմբակցության անդամ, իսկ հետագայում ղեկավարել Վիկտոր Յուշչենկոյի նախընտրական քարոզարշավը:
2004թ. «նարնջագույն հեղափոխություն»-ից հետո նախագահ Վիկտոր Յուշչենկոյի օրոք՝ 2005թ. փետրվարին Պորոշենկոն նշանակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (սակայն արդեն սեպտեմբերին ազատվել է զբաղեցրած պաշտոնից), այնուհետև 2007թ.` Ուկրաինայի ազգային բանկի խորհրդի նախագահ, իսկ 2009թ.՝ արտաքին գործերի նախարար:
2012թ. նախագահ Յանուկովիչի կողմից Պորոշենկոն նշանակվում է էկոնոմիկայի և առևտրի նախարարի պաշտոնում: խի՞
2013-2014թթ. եղել է հեղափոխության ակտիվ մասնակից: Հեղափոխության հաղթանակից և Վիկտոր Յանուկովիչին գահընկեց անելուց հետո 2014թ. մայիսի 25-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում 54.7% ձայներով հաղթանակ է տարել և դարձել Ուկրաինայի 5-րդ նախագահը:
Քաղաքական գործունեությանը զուգահեռ Պորոշենկոն հայտնի է նաև որպես բիզնեսմեն: Նրան է պատկանում «Ռոշեն» հրուշակեղենի և շոկոլադի ֆաբրիկաների ցանցը, որն ունի ներկայացուցչություններ ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում, Լիտվայում, Հունգարիայում, Ղազախստանում և այլ երկրներում:
«Ռոշեն»-ից բացի Պորոշենկոյին են պատկանում նաև մի շարք այլ որլորտների ձեռնարկութւոններ, այդ թվում` կապի, ագրարային, ավտոմոբիլային, ապահովագրական ընկերություններ և լրատվամիջոցներ:
Յուլիա Տիմոշենկո
Յուլիա Տիմոշենկոն առաջին անգամ դարձել է պատգամավոր 1997թ. «Գրոմադա» կուսակցությունից, իսկ արդեն 1999թ. հիմնել է համաուկրաինական «Բատկիվշինա» միավորումը, որի առաջնորդի դերում էլ 1999թ. դեկտեմբերին դարձել է փոխվարչապետ Վիկտոր Յուշչենկոյի կառավարությունում:
2001թ. առաջին անգամ ձերբակալվել է հարկերի չվճարման և ռուսական գազի մաքսանենգության կասկածանքով: 42 օր անց նրան ազատել են` դատարանի կողմից բոլոր մեղադրանքների անհիմն ճանաչման արդյունքում: Բանտից հետո Տիմոշենկոն դարձել է ընդդմիադիր, և սկսել է ակտիվ ընդդիմախոսել նախագահ Լեոնիդ Կուչմային` հիմնելով «Ազգային փրկության ֆորում»: Ֆորումի հիման վրա էլ հետագայում ստեղծվում է «Յուլիա Տիմոշենկոյի Բլոկ»-ը, որն առաջին անգամ պառլամենտ է անցնում 2002թ. ընտրություններից հետո:
2005թ. Տիմոշենկոն դարձել է «Նարնջագույն հեղափոխության» առաջնորդներից մեկը, իսկ Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակից հետո՝ երկրի անկախության պատմության մեջ առաջին կին վարչապետը:
2010թ. Յանուկովիչի` նախագահ դառնալուց հետո մի շարք քրեական գործեր են հարուցվել Տիմոշենկոյի դեմ: Միայն 2014թ. հեղափոխությունից հետո է Տիմոշենկոն ազատվել բանտից և նորից վերադարձել մեծ քաղաքականություն. 2014թ. պառլամենտական ընտրություններին նա իր գլխավորած «Բատկիվշինա» կուսակցության ցուցակով ընտրվել է պատգամավոր և դարձել գործող իշխանությունների քննադատներից մեկը:
Նշենք, որ Յուլիա Տիմոշենկոն ունի հայկական արմատներ. նրա օրիորդական ազգանունը Գրիգյան է: Դպրոցի ավագ դասարաններում նա փոխել է ազգանունը և վերցրել մոր օրիորդական ազգանունը` Տելեգինա, իսկ այնուհետև ամուսնու` Ալեքսանդր Տիմոշենկոյի ազգանունը:
Վլադիմիր Զելենսկի
2017թ. դեկտեմբերի 1-ին Ուկրաինայում գրանցվեց նոր կուսակցություն` «Ժողովրդի ծառա», որի նախագահ դարձավ Զելենսկու ղեկավարած «Կվարտալ-95» ստուդիայի իրավաբան Իվան Բականովը: Այդ ժամանակ Զելենսկին հավատացնում էր, թե «Ժողովրդի ծառա»-ն դեռ քաղաքական նախագիծ չէ, այն «իրավաբանական նյուանս» է և այն պետք է ընդամենը «Կվարտալ»-ի բրենդից օգտվողների դեմ պայքարելու համար («Կվարտալ 95» ստուդիան ունի հեղինակային «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալ, որի պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը Վլադիմիր Զելենսկին է):
Զելենսկին հայտարարել է 2019թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին 2018թ. դեկտեմբերի 31-ին «Երեկոյան կվարտալ» հեռուստածրագրի ամանորյա եթերում` նոր տարու գալուստին բառացիորեն 1 պակաս:
Վլադիմիր Զելենսկու անունը կապվում է հայտնի միլլիարդատեր, բիզնեսմեն Իգոր Կոլոմոյսկու հետ, ով համարվում է նրա «հովանավորը» և հայտնի է իր հակառուսական հայացքներով: