Եվրոպայի խորհրդի իրավական հարցերով և մարդու իրավունքների հանձնաժողովն օրերս հրապարակել է տարբեր երկրների պետական պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության հետաքննությամբ զբաղվող մալթացի հայտնի լրագրող Դաֆնա Գալիցիայի սպանության հետաքննության վերաբերյալ զեկույցը: Այն քվեարկության կդրվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին:
Զեկույցի նախագծում նշվում է «սպանության կասկածյալներին դատարանի առջև կանգնեցնելու և սպանության պատվիրատուներին պարզելու հարցում Մալթայի իշխանությունների անկարողության մասին»:
Դաֆնա Գալիցիայի անցկացրած հետաքննության համաձայն` Մալթայում կոռուպցիայի առանցքային օբյեկտը Pilatus մասնավոր բանկն է: Բանկի հաճախորդների մեծ մասը եղել են «քաղաքականապես նշանակալի դեմքեր», ինչը մեծացնում է փողերի լվացման ռիսկը: Բանկում հաշվեհամարներ են ունեցել Մալթայի վարչապետին մոտ մարդիկ, հաճախորդների ցանկում եղել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին պատկանող ընկերություններ:
Սա հակակոռուպցիոն միջազգային առաջին հետաքննությունը չէ, որի մեջ ներգրավված են Ադրբեջանի նախագահի ընտանիքը և մտերիմները: Այսպես, 2016 թվականին «Պանամայի փաստաթղթերի» շնորհիվ բացահայտվել է Ալիևիների ընտանիքի օֆշորային գործունեությունը և դրա արդյունքում ստացվող եկամուտները:
Ադրբեջանի իշխող վերնախավը հայտնվեց մեկ այլ սկանդալի կենտրոնում 2017 թվականին, երբ բրիտանական The Guardian թերթի կողմից անցկացված լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտվեց, որ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար: Այս հետաքննությունը հայտնի է «Ադրբեջանական լվացքատուն» անվանմամբ:
Արտասահմանյան տարբեր պաշտոնյաներին կաշառելու Ադրբեջանի քաղաքականությունն, ի դեպ, արդեն հայտնվել է ԵԽԽՎ օրակարգում: Այսօր Միլանում մեկնարկել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ դատական գործընթացը: Նա մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից խոշոր կաշառքների ստացման մեջ՝ ԵԽԽՎ մյուս պատգամավորներին կաշառելու նպատակով:
Այս բացահայտումներն ադրբեջանական իշխանություններին մեծ հաշվով այդքան էլ չեն մտահոգում, քանի որ սեփական հասարակությանն Ալիևը «հեռու է պահում» նման թեմաներից, իսկ միջազգային հանրությունը պատշաճ չի արձագանքում կոռուպցիոն այդ սկանդալներին: