2020 թվականի մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅ Դաշնակցությունը և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը:
Իսկ նախագահի պաշտոնի համար պայքարը կշարուկավի ապրիլի 14-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլում, քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն առավելագույն ձայներ հավաքած թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանը (49.26%) և Մասիս Մայիլյանը (26,4%):
«Արմեդիա» ՏՎԳ-ն արդեն անդրադարձել է Արցախի համապետական ընտրություններում առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ դրանց առանձին դրույթներ ներկայացնելով աղյուսակի տեսքով: Միաժամանակ, առանձին վերլուծությամբ ներկայացրել ենք առաջադրված քաղաքական ուժերի մոտեցումները Հայաստան-Արցախ հարաբերությունների և արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:
Այժմ փորձենք ավելի մանրամասն հասկանալ, թե ինչ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում ինչ ընտրեց արցախցին և ինչպիսի մոտեցում է ունենալու Արցախը մոտակա տարիներին:
Նախ, արձանագրենք, որ ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ էլ նախագահի թեկնածուները պատրաստ չեն Ղարաբաղյան կարգավորաման համատեքստում որևէ զիջում կատարել: Երկրորդ փուլ անցած երկու նախագահի թեկնածուներն այս հարցում նույնպես միակարծիք են:
«Մենք որևէ զիջում անելու իրավունք չունենք», - հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Տարածքային զիջումների վրա հիմնված կարգավորման հնարավոր ուղիների փնտրտուքը հեռանկարային չէ, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ», - նախընտրական շրջանում իր հարցազրույցներից մեկում նշել է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին, ապա Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը Ղարաբաղյան կարգավորման տեսլականն այսպես է բանաձևել. «Նվազագույն այսօրվա վիճակն է՝ անկախ Արցախի Հանրապետությունն իր տարածքային և անվտանգության բաղադրիչներով, վերջնական նպատակը՝ Հայաստանի հետ վերամիավորումը»: Ավելին, կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ընդգծում է. «Ադրբեջանի օկուպացիայի ներքո են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը, Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ հատվածներ։ Համաձայն հիմնախնդրի իրավական հիմքերի և Արցախի Հանրապետության սահմանադրության՝ այդ շրջանները պատկանում են Արցախի Հանրապետությանը և պետք է վերադարձվեն»։
ՀՅ Դաշնակության համար Արցախի հզորացման և հարցի լուծման հիմնական առանցքը «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքն է. «Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը երաշխավորող հիմնական գործոններից է»:
Նշենք, որ «Միանսկան Հայրենիք» և «Արդարություն» կուսակցությունների նախընտրական ծրագրերում չկա որևէ դրույթ, որը թույլ կտա ենթադրելու, որ վերջիններս պատրաստ են ինչ-որ հարցում զիջումների գնալ:
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա պետք է նկատենք, որ և՛ քաղաքական ուժերը, և՛ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուները միակարծիք են՝ Արցախի անկախությունը պետք է միջազգային ճանաչում ստանա, Արցախի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը երկրի սուբյեկտայնության բարձրացումն է: Քաղաքական ուժերի մեծ մասն, ընդ որում, Արցախի անկախության ճանաչումը դիտում է որպես Հայաստանին վերամիավորման համար անհրաժեշտ քայլ:
«Միասնական հայրենիք, սակայն այս փուլում մենք չպետք է կասկածի տակ դնենք Արցախի անկախությունը», - հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորշման փաստը ճանաչելու վրա», - նշում է Մասիս Մայիլյան, ով անկախությունը դիտարկվում է որպես Հայաստանի հետ միացման տանող ճանապարհ:
Նման մոտեցում ունեն նաև Արցախի ժողովրդական կուսակցությունը, ՀՅ Դաշնակցությունը (Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միացյալ հայրենիք կերտելու միջանկյալ հանգրվան է) և «Միասնական հայրենիք» կուսակցությունը (հետմուտ է լինելու «ԱՀ երաշխավորված և անվտանգ միջազգային ճանաչմանը՝ վերջնական նպատակ ունենալով մայր հայրենիքին դեյուրե միավորումը՝ ԱՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների պահպանմամբ»):
«Արդարություն» կուսակցությունը ևս կարևորում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ այն դիտելով որպես անվտանգության ապահովման ժամանակակից մեխանիզմ:
Ինչ վերաբերվում է այսօր ընթացող բանակցային գործընթացին, ապա նրանք հանդես են գալիս բանակցային ձևաչափը վերականգնելու և Արցախը որպես լիարժեք կողմ ներգրավելու օգտին:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Արցախում նոր ձևավորվող իշխանությունն, ընդհանուր առմամբ, միասնական դիրքորոշում ունի Արցախյան կարգավորման հիմնական հարցերի վերաբերյալ, մոտեցումներում առկա տարբերություններն ավելի շատ նրբերանգային են՝ սահմանված նպատակին հասնելու ճանապարհին վերաբերող: