ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ-2020. Արցախում ձևավորվելիք իշխանությունը զիջումների պատրաստ չէ

2020 թվականի մարտի 31-ին Արցախում ակնցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: «Արմեդիա» ՏՎԳ-ն արդեն անդրադարձել է առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ դրանց առանձին դրույթներ ներկայացնելով աղյուսակի տեսքով:

Վերոնշյալ դրույթների վերլուծության արդյունքում՝ փորձենք պարզել, թե արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում ինչպիսի՞ զիջումների են պատրաստ ֆավորիտ քաղաքական ուժերն ու թեկնածուները, և ի՞նչ մոտեցում ունեն տարածքների, փախստականների և կարգավորման այլ առանձին դրույթների վերաբերյալ: Կարգավիճակի հարցին նրանց մոտեցումներին անդրադարձել ենք առանձին վերլուծությամբ:

Ֆավորիտ թեկնածուների և քաղաքական ուժերի ընտրությունը հիմնված է մարտի 19-ին «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից հրապարակված սոցիալական հարցման տվյալների վրա, համաձայն որոնց ֆավորիտների թվում են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը: Ազգային ժողով մտնելու հնարավորություն ունեն «Ազատ Հայրենիք», «Միասնական Հայրենիք», «Արդարություն» կուսակցությունները, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը:

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող բոլոր չորս ֆավորիտ թեկնածուներից և ոչ մեկի նախընտրական ծրագրում չկա դրույթ, որով կարելի է եզրակացնել, որ թեկնածուն պատրաստակամ է զիջումների (ընդ որում՝ ցանկացած կոնկրետ հարցով): Ավելին, թեկնածուներից երկուսի ծրագրում շատ հստակ ամրագրված է, որ ա) «Արցախի անվտանգությունն երաշխավորող ներկայիս մեր ունեցած կռվաններն անձեռնմխելի են և ենթակա չեն սակարկության» (Մասիս Մայիլյան) և բ) «Արցախի ժողովրդի անվտանգությունը զիջման ենթակա չէ» (Աշոտ Ղուլյան):

Նախագահի ֆավորիտ թեկնածուներից երեքի նախընտրական ծրագրում արցախյան խնդրի խաղաղ կարգավորման համատեքստում մեծ կարևորություն է տրվում Արցախի միջազգային ճանաչմանը (Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Աշոտ Ղուլյան), հետևաբար՝ այս հարցում ևս զիջողականության մասին խոսք լինել չի կարող: Նրանցից երկուսի՝ Վիտալի Բալասանյանի և Աշոտ Ղուլյանի նախընտրական ծրագրերում կարևորվում է նաև բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցության հարցը:

«Տարածքներ՝ խաղաղության դիմաց: Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Ո՛չ ու ո՛չ»: Տարածքների խնդրին իր ծրագրային դրույթներով ուղղակիորեն անդրադարձել է Մասիս Մայիլյանը՝ նշելով, որ «երկու հարցերն էլ՝ կարգավիճակ և խաղաղություն, համարվում են ինքնաբավ և չպետք է առաջարկվեն հայկական կողմերին՝ որպես սակարկության առարկա»:

Արցախյան խնդրի կարգավորման առանձին տարրերին է անդրադառնում Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից առաջադրված Աշոտ Ղուլյանի նախընտրական ծրագիրը: Թեկնածուն առաջ է քաշում ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Շահումյանի շրջանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասի՝ Արցախի Հանրապետության վերադարձվելու հարցը, կարևորում «ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին իրավական պատասխանատվության ենթարկելու և Ադրբեջանի հայ համայնքի  քաղաքական ու տնտեսական կորուստների փոխհատուցման հարցերը  հակամարտության կարգավորման օրակարգում ընդգրկելու» հարցը։

Աշոտ Ղուլյանի նախընտրական ծրագիրը նույնական է իրեն առաջադրած քաղաքական ուժի՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրին: Նշենք, որ վերջինս, համաձայն սոցհարցման, նոր խորհդարան ձևավորելու հնարավորություն ունեցող ֆավորիտ քաղաքական ուժերից է: Նույնպիսին է իրավիճակը և «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքի պարագայում, որի ծրագիրն էլ նույնական է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ծրագրին: «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագիրը խարսխված է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական ծրագրի համապատասխան դրույթներին, ուստի այստեղ ևս տարբերվող դիրքորոշում չունենք: Փոքր ինչ այլ է խնդիրը «Միասնական հայրենիք» կուսակցության դեպքում: Վերջինս, չնայած նրան, որ հայտարարել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին աջակցելու մասին,  խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, նաև առանձին ծրագրային դրույթներով: Թեև արցախյան խնդրի կարգավորման համատեքստում այդ դրույթները գրեթե նույնական են մյուս քաղաքական ուժերի ու թեկնածուների մոտեցումների հետ: «Մեր երկրի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը լինելու է երկրի անկախության միջազգային ճանաչումը և արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը», - նշված է կուսակցության նախընտրական ծրագրում:

Այսպիսով, Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆավորիտ թեկնածուների և քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ Արցախում ձևավորվելիք նոր իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ զիջումների, այլև ավելի հոտևողականորեն առաջ է քաշելու Արցախի միջազգային ճանաչման և բանակցային գործընթացին լիարժեք մասնակցելուն ուղղված քաղաքականությունը:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: