ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լազար Սերեբրյակով. hայազգի ռուսաստանցի ծովակալ, Նովոռոսիյսկի հիմնադիրներից մեկը

Լազար Մարկովիչ Սերեբրյակովը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան) ռուսաստանցի ծովակալ է, Կովկասյան արշավանքների և Ղրիմի պատերազմի մասնակից, Ծովակալների խորհրդի անդամ, Նովոռոսիյսկ քաղաքի և նավահանգստի հիմնադիրներից մեկը: Ծովակալ Սերեբրյակովն աչքի էր ընկնում իր քաջությամբ և խիզախությամբ: Կրթված ծովային սպան, ով տիրապետում էր մի քանի արևելյան լեզուների, ոչ միայն ռազմական մեծ առաջնորդ էր, այլև տաղանդավոր գիտնական:

Ղազար Արծաթագործյանը  ծնվել է 1792 թվականին Կարասուբազարում (ներկայիս Բելոգորսկ): Նա սերում է հայ ազնվականներից: Ազգանունը փոխել է Սերեբրյակովի (իր ազգանվան ռուսերեն թարգմանությունը) հետագայում: Ղազարը դաստիարակվել է հայկական միջավայրում` ազգային ավանդույթներով, սովորել է հայկական դպրոցում, գրում է Lratvakan.com-ը:

1810 թվականին Լազար Սերեբրյակովը, որպես կամավոր, ծառայության է անցել Սևծովյան նավատորմում, իսկ 1814 թվականին դարձել է գարդեմարին, մեկ տարի անց` միչման, 1820-ին `լեյտենանտ, իսկ 1828-ին` կապիտան-լեյտենանտ` Գլխավոր ծովային շտաբի պետի ղեկավարության ներքո:

1828-1829 թվականներին Սերեբրյակովը մասնակցել է թուրքերի դեմ արշավանքին: 1828 թվականի արշավանքի ժամանակ աչքի է ընկել Անապայի գրավման, այնուհետև` Վառնայի շրջափակման ժամանակ:  1829 թվականի արշավանքի ժամանակ Սերեբրյակովը մասնակցել է Մեսեմվրիայի և Միդիայի գրավմանը: Թուրքերի դեմ արշավանքում առանձնանալու համար նա ներառվել է Գվարդիական անձնակազմում: 1832 թվականին Սերեբրյակովը ստացել է 2-րդ ռանգի կապիտանի կոչում և մինչև 1833 թվականը գեներալ Մուրավյովի գլխավորած արշավախմբի կազմում եղել է Կոստանդնուպոլսի մերձակայքում և Եգիպտոսում:

1834 թվականին Սերեբրյակովի հրամանատարությանն է հանձնվել «Պոլտավա» նավը. նա կանոնավոր նավարկություններ է կատարել Սև ծովի Կովկասյան ափերի մոտ: 1837 թվականին ստացել է 1-ին ռանգի կապիտանի կոչում` Կովկասյան գծի հրամանատարի շտաբում նշանակվելով ծովային գործերով շտաբ-սպա:

1838 թվականի սեպտեմբերի 12-ին Նիկոլայ I-ի հրամանով ռուսական նավատորմի նավերն ադմիրալ Միխայիլ Լազարևի և գեներալ Նիկոլայ Ռաևսկու հրամանատարությամբ մտել են Ցեմեսսյան ծովախորշ: Կոտրելով թուրքերի և լեռնեցիների դիմադրությունը` Ցեմեսսյան ծովախորշի մոտ թուրքական ամրոցի փլատակներ վրա իջեցվել է ռուսական զորքի դեսանտ (5816)` Լազար Սերեբրյակովի հրամանատարությամբ: Այդ հիշարժան օրն էլ համարվում է Նովոռոսիյսկի հիմնադրման օրը:

Ցեմեսսյան ծովախորշում ձևավորվեց ռուսական Ցեմեսսյան ամրությունը: Իսկ շուտով սկսվեց քաղաքի շինարարություն, որին 1839 թվականին տրվեց Նովոռոսիյսկ անվանումը: Հենց Սերեբրյակովին է հանձնարարվել Նովոռոսիյսկ քաղաքի կառուցումը, ինչպես նաև Նովոռոսիյսկի նավահանգստի ղեկավարումը, գրում է Kavkazoved.info-ն: Դեսանտային գործողության հաջող անցկացման համար 1838 թվականի հոկտեմբերի 8-ին Սերեբրյակովին շնորհվել է կոնտր-ադմիրալի կոչում, նա դարձել է Ցարի պահակախմբի անդամ: 1839-ին Սերեբրյակովը նշանակվել է Սևծովյան ափային գծի 1-ին բաժնի հրամանատար և Նովոռոսիյսկի նավահանգստի ղեկավար:

Լազար Սերեբրյակովին հաջողվել է ծանրագույն պայմաններում մոբիլիզացնել զորքերը, բնակչությանը և վերաբնակներին ռազմածովային նոր, խոշոր բազայի տնտեսական և վարչական ողջ ենթակառուցվածքի շինարարության համար: Նրա ջանքերի շնորհիվ ոչ մեծ գյուղը սկսել է վերածվել գեղեցիկ քաղաքի` ժամանակակից ամրություններով և հարմար նավամատույցներով, ամուր բնակելի շենքերով, սալարկված փողոցներով, հիվանդանոցներով և եկեղեցիներով, փոստային բաժանմունքներով և երեխաների համար անվճար դպրոցներով: Սերեբրյակովը քաղաքի հանրային գրադարանի հիմնադրման նախաձեռնողներից է: Նրա շնորհիվ այստեղ հիմնադրվել է նաև հայկական հոգևոր կենտրոն: Սերեբրյակովի ջանքերով 1845 թվականին բացվել է Նովոռոսիյսկի առևտրային նավահանգիստը և հաստատվել են ժամանակավոր մաքսային կարգեր: 1848 թվականին Առևտրային հրապարակում Սերեբրյակովի ղեկավարությամբ կառուցվել է քաղաքի ամենամեծ շինությունը` Ադմիրալտեյստվոն: Շրջանի զարգացման և քաղաքաշինության մեջ մեծ ավանդի համար Սերեբրյակովը 1848 թվականին ստացել է փոխ-ծովակալի կոչում: 1851 թվականին նա նշանակվել է Սևծովյան ափային գծի ղեկավար:

Ղրիմի պատերազմի սկզբին Սերեբրյակովը գլխավորել է ափային պաշտպանությունը և կրճատված ամրոցների պաշտպանությունը Կովկասի Սևծովյան ափերի նավահանգիստներում: Ռազմական գործողությունների` Կարս տեղափոխելու ժամանակ Սերեբրյակովը ղեկավարել է Վրաստանում թուրքերի կողմից զբաղեցրած ափամերձ ամրությունների ետ գրավումը: 1856 թվականին Սերեբրյակովն ազատվել է զբաղեցրած պաշտոններից, ստացել ծովակալի կոչում և նշանակվել  Ծովակալության խորհրդի անդամ:

Գերազանց ծառայության և հայրենիքին ցուցաբերած բացառիկ ծառայությունների համար Լազար Սերեբրյակովն արժանացել է ռուսական բազմաթիվ բարձր պարգևների:

Լազար Սերեբրյակովը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, գրում է Armmuseum.ru-ն: 1861 թվականին Լազար Մարկովիչը Ղրիմի իր կալվածք ուղևորության ժամանակ սարից անհաջող իջնելու հետևանքով ոտքի լուրջ վնասվածք է ստացել, ինչից հետո արդեն չի կարողացել քայլել: Ի հավելումն դրան` Պետերբուրգ վերադառնալիս ուժեղ մրսել է և կարճատև հիվանդությունից հետո 1862 թվականի փետրվարի 28-ին (այլ աղբյուրների համաձայն`փետրվարի 18-ին) մահացել: Նա հողին է հանձնվել բարձրագույն զինվորական պատիվներով Կարասուբազարի հայկական գերեզմանատանը` ծնողների կողքին….

1955 թվականին Սևծովյան նավատորմի հրամանատարության որոշմամբ և ԽՍՀՄ ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբի պետ, ծովակալ Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյանց) միջնորդությամբ ծովակալ Արծաթագործյան-Սերեբրյակովը զինվորական բոլոր պատիվներով վերահուղարկավորվել է Սևաստոպոլ Փառքի պանթեոնում` իր որդու` Մարկոս Արծաթագործյանի կողքին:

Նովոռոսիյսկ Նաբերեժնայա փողոցն անվանափոխվել է Սերեբրյակովի անունով, այնտեղ տեղադրված է Նովոռոսիյսկի հիմնադիր հայրերի` Նիկոլայ Ռաևսկու, Միխայիլ Լազարևի և Լազար Սերեբրյակովի արձանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: