2021 թ. դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7,4, միջին գնաճը` 7,2 տոկոս: 2021 թ. ընթացքում Կենտրոնական բանկի կանխատեսումները մի քանի անգամ ճշգրտվել են. արտաքին միջավայրից եկող գնաճային ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանասավորման տոկոսադրույքը բարձրացվել է 4,25-ից մինչև 7,75 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում կառույցի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս:
ԿԲ տարեկան հաղորդումը ներառում է 2021 թ. գնաճի հաշվետվությունը և 2022 թ. կանխատեսումները:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի: Այս հարցում պատգամավորը կարևորել է ԿԲ դերակատարությունը, ճիշտ աշխատանքը: Գևորգ Պապոյանի խոսքով` այնուամենայնիվ, գնաճն ազդում է քաղաքացիների կենսամակարդակի վրա և Կառավարությունը, Ազգային ժողովը և ԿԲ-ն պետք է քայլեր ձեռնարկեն հանրության եկամուտներն ավելացնելու ուղղությամբ:
Հովհաննես Խաչատրյանն ընդգծել է, որ 2021 թ. համար ԿԲ-ն կանխատեսում էր 1,5 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը` 6.2 տոկոս: Տարվա ընթացքում աստիճանաբար փոփոխվել են կանխատեսումները, ավելացել են արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները: Արդյունքում` գրանցվել է 5,7 տոկոս տնտեսական աճ և 7,4 տոկոս գնաճ: Հիմնական ազդող գործոններն են եղել պարենի, էներգակիրների միջազգային գների դինամիկայի փոփոխությունները:
2021թ. սկսած ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե միշտ եղել է չեզոք տոկոսադրույքից ցածր:
Անդրադառնալով 2022 թ. գնաճի կանխատեսումներին` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշել է, որ տարեսկզբին ԿԲ-ն կանխատեսում էր գնաճի 6,5 տոկոս մակարդակ և տնտեսական աճի` 1,5 տոկոս` պայմանավորված արտաքին միջավայրով: Նշվել է, որ այս պահին առկա է արտաքին պահանջարկի էական աճ:
Խոսելով ՌԴ տնտեսության` մեր երկրում ունեցած ազդեցության մասին` Հովհաննես Խաչատրյանը նշել է. «Մենք ունենք 2,5 մլրդ դոլարի միջազգային առևտուր ՌԴ-ի հետ, որից արտահանումը կազմում է 800 մլն, ներմուծումը` 1,7 մլրդ դոլար»:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերել են դրամական փոխանցումների ծավալին, փոխարժեքի տատանումներին, որոշ ապրանքների կտրուկ աճի պատճառներին և այլն: