ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհում առաջին կին օվկիանոսագետը եղել է հայազգի Անիտա Կարագոշյանը

«Իմ ժողովրդի մի հատվածը 300 տարի ծովի մոտ է բնակվել` մենք ունեցել ենք փառապանծ Կիլիկիան, որի ծովափերին աշխարհի հզորագույն երկրների հետ առևտրական սերտ կապեր հաստատած ավելի քան հազար հայկական նավեր էին հանգրվանում, վերջապես մենք ունեցել ենք հայոց ամենահզոր արքա Տիգրան Մեծի «Ծովից ծով Հայաստանը». իմ մեջ այդ խիզախ հայրենակիցներիս արյունն է հոսում»,- ասել է  հայազգի բնախույզ, լուսանկարիչ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ Մարտա Բեատրիս Անիտա Կոնտին, հաղորդում է AAD.am-ը:

Անիտա Կոնտին (ի ծնե` Կարագոշյան), ում հետազոտությունների, լուսանկարների և գրքերի շնորհիվ մարդիկ այժմ պատկերացում ունեն ստորջրյա աշխարհի կյանքի մասին, ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին,  Ֆրանսիայի Էրմոն քաղաքում` մանկաբարձ Լևոն Կարագոշյանի և Ալիս Լըբոնի ընտանիքում։ 

Անիտան վաղ տարիքից հաճախ է նավով ճանապարհորդել ընտանիքի հետ, այդ իսկ պատճառով նրա մեջ դեռ մանկուց է ձևավորվել սերը ծովի և գրքերի հանդեպ։ «Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր: Նրանց տարերքը ճամփորդելն էր: Ես և եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության և գրքերի շրջապատում` ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով: Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել… Ասում են, ես ավելի շուտ եմ լողալ սովորել, քան`քայլել»,- իր հուշերում գրել է Անիտան:

1914 թվականին՝ պատերազմի սկզբին, Անիտայի ընտանիքն ապաստան է գտնում Օլերոն կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրում է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։   

Պատերազմից հետո Անիտա Կարագոշյանի ընտանիքը բնակություն է հաստատում Փարիզում: Երբ Անիտան ցանկություն է հայտնում զբաղվել օվկիանոսագիտությամբ, շատերը փորձում են նրան համոզել հետ կանգնել այդ որոշումից` նշելով դարերի ակունքներից եկած այն նախապաշարմունքը, թե կինը նավի վրա դժբախտության նշան է: Սակայն Անիտան ոչ միայն դժբախտություն չբերեց, այլև, ընդհակառակը, պայքարելով օգնեց մարդկությանը հասկանալ օվկիանոսի խորհրդավոր գաղտնիքները:  

1927 թվականին Անիտան ամուսնանում է Վիեննայի դեսպանատան աշխատակից, դիվանագետ, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ, ով, բարձր գնահատելով կնոջ գիտելիքները, ողջ կյանքում օգնում է նրան իր առաքելությունը կատարելու ճանապարհին:

Անիտան ճանապարհորդում է ամբողջ աշխարհով` հետազոտելով ծովը և դրանում առկա խնդիրները: Նա շատ ժամանակ է անցկացնում ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցում՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին ավելի լավ ծանոթանալու համար։

1935թ. Անիտան հրավեր է ստանում նավարկության գնալ «Թեոդոր Թիսյե» նավով, որի անձնակազմը բաղկացած է եղել զուտ տղամարդկանցից: Այս իրադարձությունը լուսաբանող լրագրողները, ապշելով նավի վրա  կնոջ առկայությամբ, այդ իրողությունը որակում են որպես «դարի  ամենաանհավանական ու ցնցող սենսացիա»:

«Ծովի տիկին» անունը ձեռք բերած առաջին կին օվկիանոսագետն ուսումնասիրել է երկրագնդի բոլոր օվկիանոսները: Մշակել է ձկնորսության ժամանակակից արդյունաբերական մեթոդները, գրել բազմաթիվ գրքեր, կազմել է քարտեզներ, մշակել ձկնորսության գիտական մեթոդիկան, ինչպես նաև առաջարկել է մարդու և օվկիանոսի գործակցության հաշվեկշռի պահպանման մեթոդները, հայտնում է Defacto-ն: 

Ավելին, աշխարհում առաջին կին օվկիանոսագետը Սեն-Ժակի նավահանգստից ոչ հեռու իր միջոցներով նավաստիների դպրոց է հիմնադրել:  Ֆրանսիացի մեծ գիտնական Ժակ Իվ Կուստոյի խոսքով` առանց Անիտա Կոնտիի ջանքերի անհնար էր ստեղծել նաև Մոնակոյում հայտնի օվկիանոսագիտական թանգարանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կոնտին Պա-դե Կալե նեղուցում և Բարենցի ծովում զբաղվել է նաև ականազերծման հարցերով:   

Աշխարհում առաջին կին օվկիանոսագետը մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 25-ին` 99 տարեկան հասակում: Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: