ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանքով գրանցված տնտեսական անկումից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը թևակոխել է վերականգման փուլ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2020 թ. համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանքով գրանցված տնտեսական անկումից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը թևակոխել է վերականգման փուլ՝ գրանցելով 5.7 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին պահանջարկի վերականգնմամբ: 2021 թ. տեղի է ունեցել տնտեսության արտաքին դիրքի որոշակի բարելավում՝ ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3.7 տոկոսը:

Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով՝ 1,683,831,463.2 հազար դրամ է, ծախսերի գծով՝ 2,004,300,990.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 320,469,527.2 հազար դրամ:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ ծրագրված ծախսերը կատարվել են ամբողջությամբ, պետական պարտքի սպասարկումը դարձել է կառավարելի:

Հարկաբյուջետային քաղաքականության ուղղությանը համահունչ հարկային եկամուտները ՀՆԱ-ում բարելավվել են, իսկ ծախսերը ՀՆԱ-ում՝ նվազել: 2021 թ. հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել է 0.3 տոկոսային կետով և կազմել ՀՆԱ-ի 22.7 տոկոսը: Պետական բյուջեի ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2020 թ. նկատմամբ նվազել է 1.9 տոկոսային կետով՝ կազմելով 28.7 տոկոս, որում ընթացիկ ծախսերի կշիռը նվազել է 1.4 տոկոսային կետով՝ կազմելով 25.6 տոկոս:

ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի` Կառավարությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների արդյունքում ձևավորված ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 99.6 տոկոսով՝ կազմելով 1,683.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 97.8 տոկոսով՝ կազմելով 2,004.3 մլրդ դրամ: Հաշվետու տարում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական և ժամանակին կատարումը:

2020 թ. համեմատ 2021 թ. պետական բյուջեի եկամուտներում 5.5 տոկոսային կետով ավելացել է հարկային եկամուտների և պետական տուրքերի տեսակարար կշիռը, իսկ պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակարար կշիռները նվազել են համապատասխանաբար 2.7և2.8 տոկոսային կետով: 2021 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,587.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 100.2 տոկոսով ապահովել են ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը: 2020 թ. համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 14.6 տոկոսով կամ 201.7 մլրդ դրամով: Հաշվետու տարում գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է մուտքերի աճ:

2021 թ. պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշի վրա նվազեցնող ազդեցություն է ունեցել ԱԱՀ-ի, եկամտային հարկի և ակցիզային հարկի գծով վերադարձված գումարների աճը: ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները 2021 թ. կազմել են 146.7 մլրդ դրամ՝ 22.2 տոկոսով կամ 26.6 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, ակցիզային հարկի գծով վերադարձված գումարները՝ 915.8 մլն դրամ՝ 35.1 տոկոսով կամ 237.9 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, իսկ եկամտային հարկի գծով՝ 32.6 մլրդ դրամ՝ 83.8 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Պատասխանելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հարցին՝ Ֆինանսների նախարարը նշել է, որ դժվար կանխատեսելի է, թե մինչև այս տարվա վերջ ինչպիսին կլինի դրամի փոխարժեքը մեր երկրում:

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նույնպես անդրադարձել է դրամի փոխարժեքին, կարևորել դրա կայունացման ապահովումը:

Գևորգ Պապոյանը հարակից ելույթում կարևորել է 2021 թ. պետական բյուջեի կատարողականի բարձր ցուցանիշը, ինչպես նաև ընդգծել է կապիտալ ծախսերի բարձր կատարողականը, ինչը, ըստ նրա, կարևոր նշանակություն ունի տնտեսության զարգացման գործում:

Մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև մի շարք խնդիրների, մատնանշել դրանց լուծման որոշակի ուղիներ: Նա շեշտադրել է գործազրկության նվազեցման կարևորությունը, ինչն արձանագրված է փաստաթղթում:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: