ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դրամի արժևորման ֆոնին չի բացառվում էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման հնարավորությունը. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ դրամի արժևորման պայմաններում էլեկտրաէներգիայի, գազի սակագները վերանայվեն, հայտնում է Aysor.am:
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց վերջին շրջանում նկատվող դրամի զգալի արժևորման մասին․ տարվա սկզբի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2021-ի համեմատ՝ մոտ 20 տոկոսով: 
 
«Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև դրանց հաշվարկների մեջ բավականին մեծ դեր ունի հենց փոխարժեքը»,-հարցրեց պատգամավորը: 
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է: 
 
«Եվ հայկական դրամի արժևորումը, բնակաբար, հաշվակների մեջ պետք է մասնակից լինի: Այլ հարց է, թե որքանով է այս իրավիճակը դիսկրետ, ֆունդամենտալ ու երկարատև: Չի բացառվում, որ սա արդեն երկարատև միտում է, և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է։ Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,-ասաց Գրիգորյանը: 
 
Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ, երբ դրամը արժեզրվել է, որոշ ժամանակ անց սովորաբար դիմել են հանձնաժողովին՝ դեպի վերև վերանայման հայտով: Թունյանը խնդրեց հստակեցնել՝ որոշակի ժամանակահատված դեռ կհետևեն, թե իրավիճակը ոնց է զարգանում, և, եթե այլ պայմաններ չփոխվեն, փոխարժեքը բավարա՞ր է, որ այլ հավասար պայմաններում սակագնի՝ դեպի ներքև իջեցման հնարավորությունը քննարկվի։ 
 
«Վստահաբար: Եթե ես չեմ սխալվում, փոխարժեքի ազդեցությունը սակագնի վրա տարվա կտրվածքով է դիտարկվում, բայց մի հանգամանք էլ կա. ի վերջո, նշանակություն կունենա նաև, թե որքանո՞վ է պերմանենտ այսօրվա իրավիճակը, որ գազի դիմաց հնարավոր է վճարել նաև ոչ կոշտ արտարժույթով: Կարծում եմ՝ համադրմամբ այս հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով, և էֆեկտները կարտացոլվեն սակագնում»,-արձագանքեց Մհեր Գրիգորյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: