ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները, հատկապես՝ մշակութային կապերը, շարունակական են. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունիսի 27-ին հանդիպել է պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Հակոբ Ասլանյանը և Նարեկ Բաբայանը:

Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Սիսակ Գաբրիելյանն ընդգծել է հայ-վրացական 30-ամյա հարաբերությունների հաստատման կարևորությունը: Նա գոհունակություն է հայտնել, որ հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվացել են հայ-վրացական բարիդրացիական կապերը, որոնք շարունակական բնույթ են կրում:

Մշտական հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ Վրաստանի հետ կայուն ու մշտատև դրացիական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը փաստված է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:

Սիսակ Գաբրիելյանը կարևորել է ապրիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի բարձր մակարդակով այցը մեր երկիր և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը: Նա ընդգծել է նաև Վրաստանի միջնորդության արդյունքում 19 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք:

Նշվել է, որ հատկապես զարգանում են հայ-վրացական մշակութային կապերը: Կարևորվել է այն հանգամանքը, որ Թբիլիսիի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ տաղանդավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով:

Տեղեկացնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի տարածքում են հայտնվել շուրջ 2000 պատմաշակութային արժեքներ, 187 եկեղեցի՝ Սիսակ Գաբրիելյանը վրացի գործընկերոջն առաջարկել է աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան հանձնաժողովի՝ տարածաշրջան այց կազմակերպելու հարցում:

Էլիսո Բոլկվաձեն իր պատրաստակամությունը հայտնելով՝ փաստել է, որ պետք է ամեն ինչ անել՝ պահպանելու համար պատմամշակութային արժեքները:

Հյուրն ընդգծել է, որ հաստատուն զարգանում են վրաց-հայկական մշակութային կապերը: Շեշտադրվել է երկու մշտական հանձնաժողովների միջև գործակցության անհրաժեշտությունը, ինչը, ըստ Էլիսո Բոլկվաձեի, կնպաստի Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացմանն ու կապերի ընդլայնմանը:

Հանդիպմանը քննարկվել են մշակույթին առնչվող բազմաթիվ այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրներում կազմակերպել մշակութային օրեր: Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է երկուստեք մշակել աշխատանքային հուշագրեր, որոնք կնպաստեն երկու հանձնաժողովների համատեղ գործակցությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: