ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության համաձայն, հյուրերին դիմավորել և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանն է ծանոթացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նաև ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Էդիտա Գզոյանը Գերմանիայից ժամանած հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Պատվիրակության անդամները հատկապես մեծ հետաքրքրությամբ լսեցին գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի հայանպաստ գործունեության մասին, որը նա ծավալել է սկսած համիդյան կոտորածների տարիներից մինչև իր կյանքի վերջը՝ 1926 թ.:

Տիկին Սվենյա Շուլցեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: