ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ակնկալում է Ալբանիայի աջակցությունը հայկական ժառանգությունն Ադրբեջանի աղավաղելուց զերծ պահելու հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք):
Նշենք՝ Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագան հուլիսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է տիկին դեսպանին, շնորհավորել պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ալբանական կապերի զարգացման: Արթուր Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի և Ալբանիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Դեսպան Հայդարագան ընդունելության համար շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարի տեղակալին և ընդգծել, որ երկու երկրների միջև ընդհանրությունները բազմաթիվ են, իսկ կրթական, մշակութային ու մի քանի այլ ուղղություններով առկա է սերտ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ պատմական, մշակութային ընդհանրություններից զատ՝ Ալբանիայի հետ համագործակցությունը յուրահատուկ է նաև նրանով, որ Ալբանիան՝ որպես անցումային երկիր, ունի էական հաջողություններ, որոնք կարող են նկատի առնվել Հայաստանի կրթության, մշակույթի, գիտության և մյուս ոլորտների զարգացման համատեքստում։
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քաջալերել այդ ոլորտների կառույցներին համագործակցության ծավալման առումով։ Որպես առաջին քայլ մատնանշվել է «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակներում միջբուհական համագործակցության հնարավորությունը, մշակութային փոխայցելությունները, երիտասարդական կառույցների միջև համագործակցությունը։
ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում հայ-ալբանական համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում և Ալբանիայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:
Դեսպան Լուելա Հայդարագան արձագանքել է՝ Ալբանիայի Հանրապետության կառավարությունը քաջատեղյակ է ստեղծված իրավիճակին, և պատրաստակամություն է հայտնել մտահոգությունները փոխանցել Ալբանիայի կառավարությանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեսպան Լուելա Հայդարագային նաև հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսված միջոցառմանը մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային դեմքեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: