ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուսով եմ՝ շուտով կհասնենք պայմանագրի կնքմանը. «Ռոսատոմ Սերվիսի»-ի տնօրենը՝ հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգելու մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Ռոսատոմ»-ն, աշխատանքային խմբի շրջանակում, շարունակում են աշխատել հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու հայեցակարգի ուղղությամբ:

Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը հույս հայտնեց, որ արդեն հաջորդ տարվա սկզբին հնարավոր կլինի կնքել պայմանագիր՝ կրկնակի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված:

Սալկովը նախ անդրադարձավ երկրորդ էներգաբլոկի արդիականացման՝ արդեն իսկ իրականացված աշխատանքներին՝ նկատելով, որ բարդ աշխատանքի արդյունքում, որն իրականցվել է միահամուռ պրոֆեսիոնալ բարեկամական մեծ թիմի կողմից, երկրորդ էներգաբլոկը կարող է շահագործվել մինչև 2026 թվականը:

 Անդրադառնալով անվտանգության վերաբերյալ հարցին՝ նա ընդգծեց, որ իրականացվել են մեծ մասշտաբի աշխատանքներ, մասնավորապես ռեակտորի բաժնում արդիականացվել է կառավարման համակարգը, հուսալի սնուցման համակարգը, ռեակտորի գոտու վթարային և այլ համակարգեր, որոնք ուղղակիորեն կապված են անվտանգության կառավարման հետ: Հայաստանում կան սահմանված չափանիշներ՝ կարո՞ղ է արդյոք էներգաբլոկը շահագործվել, թե ոչ: Այդ կոմպլեքս աշխատանքի արդյունքում Հայաստանում կարգավորող մարմինը որոշել է շահագործման ժամկետը երկարաձգել:

Իսկ ինչ վերաբերում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու Հայաստանի մտադրության վերաբերյալ հարցին՝ Սալկովը շեշտեց, որ Ռուսաստանն այս առումով մեծ փորձ ունի՝ հիշեցնելով Նովովորոնեժի, Կոլսկի ատոմակայանների շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման մասին, որոնք ունեն Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի նման կայաններ:

«Ռուսաստանում կրկնակի երկարաձգման մեծ փորձ կա: Սա նշանակում է, որ նման ծրագիր կարող է իրականացվել և Հայաստանում: «Ռոսատոմ»-ը  և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ, որի խնդիրն է ստեղծել շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հայեցակարգ: Կարծում եմ, որ մենք այդ աշխատանքային խմբի շրջանակում բավականին հաջող աշխատում ենք, քանի որոշված է այն գործողությունների հաջորդականությունը, որը պետք է իրականացնենք այդ հայեցակարգի շրջանակում: Մենք կգնահատենք ծավալը, և թե որքան միջոցներ են ծախսվելու ծրագրի իրականացման համար: Հուսով եմ, որ արդեն հաջորդ տարվա սկզբին, հնարավոր է նաև՝ այս տարվա վերջին, մենք արդեն կհասնենք պայմանագրի ստորագրմանը, որը կապված է հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի իրականացման հետ»,-ասաց նա:

Ծրագրի շրջանակում երկարաձգման համար նպատակային ժամկետ է սահմանված 2036 թվականը, սակայն «Ռոսատոմ սերվիս»-ի գլխավորը տնօրենը նշեց, որ վերջնական որոշումն, այնուամենայնիվ, պետք է կայացնի կարգավորող մարմինն՝ այն արդյունքի հիմամբ, որը կլինի աշխատանքների իրականացման արդյունքում:  Կիրականացվեն հաշվարկներ, թե առաջին հերթին ռեակտորը որքան կարող է ծառայել: Ատոմակայանում շատ բաներ համարվում են փոխարինելի: Անհրաժեշտ է որոշել անփոխարինելի ռեսուրսները: Ռուսական փորձը ցույց է տալիս, որ բավարար ռեսուրս կա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: