ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդները կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու հումանիտար աղետն Արցախում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամները եւ համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները տարածել են հայտարարություն Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, որն սպառնում է վերածվելու տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի։ Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ եւ անհապաղ գործողությունների կոչ են անում.

«2022 թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերը փակեցին Հայաստանն Արցախին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Մինչեւ շրջափակումը միջանցքն օգտագործվում էր կենսական նշանակության պարագաներ, այդ թվում՝ սնունդ եւ դեղորայք հասցնելու համար: Այս շրջափակումն ինքնին ստեղծում է հումանիտար աղետ: 

Դեկտեմբերի 13-ին, օգտվելով աշխարհի անտարբերությունից, Ադրբեջանը դադարեցրեց նաեւ գազամատակարարումը, ինչը տեղի բնակչությանը կանգնեցրեց ցրտահարության անմիջական վտանգի առաջ: 

Այժմ Արցախում ծավալվող իրադարձությունները մեզ հիշեցնում են Սրեբրենիցայի ողբերգությունը 1995 թվականին: Հազարավոր մարդիկ զոհվեցին, երբ նմանատիպ սադրանքներին ժամանակին չարձագանքելը եւ միջազգային խաղաղապահների ընդհանուր անգործությունը հանգեցրեցին խաղաղ բնակչության զանգվածային սպանդի, որն էլ հետագայում հայտնի դարձավ իբրեւ Սրեբրենիցայի ցեղասպանություն: Սա չպետք է տեղի ունենա Արցախում, հատկապես երբ կան դա կանխելու հայտնի միջոցներ։ 

Ադրբեջանական ուժերի գործողությունները եվրոպական մայրցամաքում էթնիկ զտումների, ցեղասպանության փորձ են, եւ դրանց պետք է վերաբերվել հենց այդպես՝ առանց ներողամտության: Միջազգային հանրության կողմից արագ եւ միասնական արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի կառավարությունը միայն կհամոզվի, որ կարող է շարունակել գործել բացարձակ անպատժելիության պայմաններում եւ իրենց գործողությունների համար առանց որեւէ հետեւանքի:

Պատմությանը հայտնի են մի քանի օրինակներ, թե ինչի կարող է բերել զսպող մեխանիզմների նման վտանգավոր բացակայությունը: Դրանցից մի քանիսը դեռ թարմ եւ ցավոտ են մեր հիշողության մեջ, ինչպես 1994 թ. Ռուանդայի ցեղասպանության ժամանակ թութսի էթնիկ խմբի ողբերգական ճակատագիրը:

Արցախում անհապաղ պետք է կազմակերպվի միջազգային մարդասիրական ավիափոխադրում` սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնելով տեղի բնակչությանը եւ տարհանելով նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում: Նրանց թվում են նաեւ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, եւ որոնց անհրաժեշտ է շտապ բուժօգնություն, որը շրջափակման պատճառով չի կարող պատշաճ կերպով տրամադրվել։

Բոլոր անհրաժեշտ միջոցներով պետք է վերջ տալ Արցախի անօրինական շրջափակմանը: Պետք է վերականգնվի Արցախի կապը Հայաստանի եւ մնացած աշխարհի հետ: Հայերն այս հողում ապրել են հազարավոր տարիներ եւ չպետք է ենթարկվեն էթնիկ զտման։

Միեւնույն ժամանակ, քանի դեռ ճանապարհը փակ է, մարդասիրական ավիափոխադրումները պետք է օգնեն տեղի բնակչությանը գոյատեւել: Ստեփանակերտում արդեն կա գործող օդանավակայան, որը կարող է օգտագործվել այդ նպատակով։ Սա որեւէ լրացուցիչ ջանք չի պահանջի միջազգային հանրությունից, բացի օդային միջանցքի ու դրա անվտանգության ապահովումը: 

Սա արդեն հաջողությամբ իրականացվել է նախկինում: 1948 թ. ճգնաժամ սկսվեց Բեռլինում, որը բաժանվել եւ վերահսկվում էր Դաշնակցային ուժերի եւ Խորհրդային զորքերի կողմից: Քանի որ Ստալինը փորձում էր մեկուսացնել քաղաքը եւ սովի մատնել՝ զրկելով այն սննդից, ջրից եւ էլեկտրաէներգիայից, միակ կապն օդային միջանցքներն էինք, որոնք օգտագործվում էին ԱՄՆ զորքերի կողմից՝ բեռներ հասցնելու համար մեկուսացված հատվածներ: 

Օդային փոխադրումների կազմակերպումն ու Արցախի բնակչությանն օգնության ձեռք մեկնելն անմիջականորեն համապատասխանում է «Պաշտպանելու պատասխանատվություն» իրավական դոկտրինին (R2P), որը սահմանում է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում միջամտելու եւ համապատասխան հավաքական գործողություններ ձեռնարկելու, եթե առանձին պետության բնակչությունը բախվում է ցեղասպանության վտանգի, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների եւ մարդկության դեմ հանցագործությունների։ Այս գլոբալ քաղաքական եւ իրավական պարտավորությունը հատուկ նախագծված է նման իրավիճակները կանխելու եւ լուծելու համար, որն էլ պետք է կիրառվի այս դեպքում:

Մենք զուգահեռներ ենք անցկացնում 1948 թ. Բեռլինի ճգնաժամի եւ այսօրվա իրավիճակի միջեւ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքական առաջնորդներն սկսեցին բարձրաձայնել՝ «Այլեւս երբեք» արտահայտությունը։ Թերեւս հաճելի է կրկնել այս արտահայտությունը, բայց այն այդպես էլ կմնա զգացմունքային մակարդակում, քանի դեռ չկան որոշակի շոշափելի գործողություններ՝ այն իրագործելու համար: Արցախը հնարավորություն է ողջ աշխարհի համար՝ կանխելու ժամանակակից ցեղասպանությունը, քանզի դա չանելու հետեւանքները չափազանց սարսափելի կլինեն նույնիսկ դիտարկելու համար:

2022 թ. դեկտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները շատ պարզ բացահայտեցին Ալիեւի կառավարության իրական մտադրություններն արցախահայության նկատմամբ։ Փորձելով նրանց ուժով դուրս քշել իրենց հողից եւ ձախողելով, կամ ինչպես  ինքն է ասել՝ «շան պես հետապնդելով Արցախի բնակչությանը»՝ նախագահ Ալիեւն այժմ ավելի քան պատրաստ է նրանց ենթարկել ցրտահարության եւ սովի: Չի կարելի դա թույլ տալ նրան, ոչ էլ կարելի է նրան տալ որեւէ իրավունք ղեկավարելու արցախահայությանը,  քանի որ նա արդեն դրսեւորել է նրանց մասին մտահոգության բացահայտ բացակայություն:

Հիտլերի օրինակը մի քանի նորագույնների հետ միասին պետք է սովորեցներ մեզ, որ բռնապետներին հնարավոր չէ հանդարտեցնել: Նրանք հասկանում են միայն հաշվետու լինելու լեզուն։ Որքան արագ լինի միջամտությունը, այնքան ավելի քիչ ուժ կպահանջվի նրանց ծրագրերը տապալելու համար: Ապարդյուն է բռնապետին աղերսելը կամ համբերատար սպասելը, որ նա կփոխի իր միտքը․ ընդհակառակը, դա կքաջալերի  նրան երկարաձգելու նրանց տառապանքը, ում հետապնդում է: Նախագահ Ալիեւին պետք է կանգնեցնել, եւ աշխարհի պատասխանատվությունն է անել դա րոպե առաջ»:

Հայտարարությունն ստորագրել են.

Ֆարթուն Ադան

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն

Նուբար Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ 

Ջամիլա Աֆղանի 

2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Խաղաղության եւ ազատության Աֆղանստանի կանանց միջազգային լիգայի նախագահ 

Մարգարիտ Բարանկիցե

2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր

Լեյմա Գբովե

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, 2011 թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Լորդ Արա Դարզի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար 

Միրզա Դինայի

2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր 

Շիրին Էբադի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնադիր, 2003 թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Իլվադ Էլման

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի ծրագրերի տնօրեն

Ջուլիեն Լուսենգե

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր

Մերի Ռոբինսոն

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ

Էռնեստո Սեդիլյո 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ

Փոլ Փոլման 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն

Թոմ Քաթինա 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ

Բեռնարդ Քուշներ

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի արտաքին գործերի եւ առողջապահության նախկին նախարար

Դելե Օլոջեդե

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գրող, խմբագիր եւ հրատարակիչ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: