ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով

Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան 30 օր՝ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների խիստ պակաս առաջացնելով։ «Այս փաստերն անվիճելի են»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխափան տարանցումը` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակորեն ներառում են երաշխիքներ, ինչպես դուք (խմբ.՝ Արարատ Միրզոյանը) մեջբերեցիք, «Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով»: Լաչինի ճանապարհով մասնավոր և կոմերցիոն երթևեկության շարունակվող խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար», - ասել է Մայքլ Քարփենթերը։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին՝ կարևոր օգնություն ցուցաբերելու համար, և կոչ է արել Ադրբեջանին՝ ապահովել հարգանքն այս տարածքում ապրող բնակչության իրավունքների, անվտանգության և բարեկեցության նկատմամբ:

«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից», - նշել է Քարփենթերը:

«Ես նաև ակնկալում եմ Լեհաստանի նախագահի Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ բովանդակալից քննարկում՝ Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտները լավ դիրքում են գտնվում՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել», - ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։

«Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - ասել է Մայքլ Քարփենթերը:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ բազմակողմանիորեն՝ այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: