ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել նշված և հարակից գյուղերի համայնքապետերի և բնակչության հետ:

Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը:

Պետնախարարը նշել է, որ շրջաններ այցի ու բնակչության հետ ուղիղ շփումների նպատակը նրանց տեղեկացնելն է ստեղծված իրավիճակի, այն հաղթահարելու ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ապաշրջափակմանն ուղղված քայլերի և միջազգային հանրության արձագանքների մասին: Նա կարևորել է բնակչության հետ պարբերաբար անմիջական շփումները՝ նշելով, որ Օպերատիվ շտաբի նաև մյուս անդամներն են նման հանդիպումներ ունենում՝ լսելու բնակիչների խնդիրներն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ նրանց արձագանքները:

Խոսելով ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մասին՝ պետնախարարը նկատել է, որ չնայած հսկայական բացասական ազդեցությանն ու դժվարություններին, ճգնաժամն ստիպում է նաև դասեր քաղել, մտածել ոչ միայն այսօր բնակչության կենսական կարիքներն ապահովելու, այլև ավելի արդյունավետ ու ռացիոնալ համակարգ կառուցելու միջոցով հետագայի համար հնարավորություններ ստեղծելու մասին: Այս նոր իրավիճակում վերանայվում են առաջնահերթությունները. մի շարք ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, գյուղատնտեսությունը և այս բնագավառում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը, դառնում են առանցքային ուղղություններից մեկը:

Բնակիչները բազմաթիվ հարցեր են ուղղել պետնախարարին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ինչպես նաև գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը: Նրանք միաժամանակ ընդգծել են նաև, որ շրջափակումն, անշուշտ, բազմաթիվ դժվարություններ է ստեղծում, բայց դրանք չեն կարող կոտրել իրենց կամքը:


Պետնախարարը շնորհակալություն է հայտնել բնակչությանը՝ ճգնաժամին դիմակայելու և միասին այս դժվարին ճանապարհն անցնելու պատրաստակամության համար. «Ես ամեն անգամ մեծ ուժ եմ ստանում այս հանդիպումներից: Ամեն անգամ ձեզ հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք շատ բան կարող ենք անել և շատ բանի հասնել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: