ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Առանձնազրույցի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին ղեկավարն եք, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն, Ձեզ հյուրընկալելը մեծ պատիվ է:

Մեր կառավարությունը և ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և՛ ժողովրդի, և՛ Ձեր նկատմամբ:

Հույս ունեմ՝ Ձեր այցի արդյունքներով նաև տնտեսական հարաբերությունները մեծ ակտիվություն և լիցք կստանան: Մեծարգո պարոն նախագահ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Բարով եք եկել»:

Իր հերթին Եգիպտոսի նախագահը նշել է. «Նորին Գերազանցություն, մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ինձ ընձեռած հնարավորության, Ձեր հրավերի, ջերմ ընդունելության և Ձեր երկրում լավ հյուրասիրության համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն դինամիկ զարգացման համար, որը մեր կողմից ապահովվում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկու երկրների ղեկավար մակարդակներում առկա է փոխադարձ վստահություն, պետք է արձանագրել, որ այդպիսի վստահություն կա նաև երկու երկրների ժողովուրդների միջև: Դա մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի հեռանկարային զարգացում ապահովել երկկողմ հարաբերություններում: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին հավասարապես՝ լինի տնտեսական, թե մշակութային: Բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար կան շատ հնարավորություններ: Խոսքս վերաբերում է թե՛ տնտեսական, թե՛ փոխադարձ ներդրումների, թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ զբոսաշրջության, թե՛ կապի, թե՛ էլեկտրաէներգիայի ոլորտներին»:

Ընդլայնված կազմերով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ կարևոր զրույց են ունեցել Եգիպտոսի նախագահի հետ ու քննարկել երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի շատ հարցեր: «Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է միջազգային ասպարեզում, և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր վստահությունն էլ ավելի կխորանա Ձեր այս պատմական այցի արդյունքներով: Նաև մեր այս հարաբերությունների ջերմությունը, կարծում եմ, ի ցույց է դնում մեր առանձնահատուկ հարաբերությունները Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների համատեքստում: Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և խոսակցության մեջ:

Մեր այս հարաբերությունները, մեր այս ջերմությունն ի ցույց է դնում նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հարգանքը: Կարևոր գործնական արդյունք է նաև այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ կհանձնարարենք մեր նախարարներին, որպեսզի 2023 թվականին միջկառավարական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա: Տնտեսական փոխգործակցության զարգացման այն հնարավորությունները, որոնք Դուք մատնանշեցիք, ես ասացի, որ շնորհակալությամբ ենք ընդունում և անպայման ամեն ինչ կանենք այդ օրակարգն իրացնելու համար:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը»»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նշել է, որ ՀՀ վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում այն բարեկամական մթնոլորտը և ջերմությունը, որը զգացել է, խոսում է միայն մեկ բանի մասին, թե որքան մեծ փոխադարձ վստահություն ու հարգանք կա երկու երկրների միջև: «Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ասել, որ այն բոլոր կետերը, որոնց շուրջ տեղի ունեցան մեր քննարկումները, պետք է սեղմ ժամանակահատվածում վերափոխվեն գործնական քայլերի, և դա դրսևորվի մեր երկու պետությունների կառավարությունների գործունեությամբ: Կարելի է միջկառավարական հանձնաժողովի նիստերը գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում»»,- ասել է Եգիպտոսի նախագահը::

Կարևորելով միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վարչապետը բարձր է գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց մեր երկիրը չի անդամակցում։

Հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։

Բարձր գնահատելով վերջին երեսուն տարիներին ձևավորված միջպետական ամուր կապերը՝ զրուցակիցները կարևորել են տնտեսության տարբեր ճյուղերի, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում փոխգործակցության առավել խորացումը:

Հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: